Լրահոս
Օրվա լրահոսը

«Երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»․ Փաշինյան

Հունիս 27,2022 23:07

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է, որ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն եւ մենք այս ընթացքում քննարկումների մեջ եղել ենք, եւ երթուղու փոփոխության քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, եւ այդ փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար ավելի հուսալի եւ ամուր կապ եւ ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է։ Այդտեղ մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետեւ եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը լիարժեք պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,-այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ։

Նա ասաց, որ աշխատանքային քննարկումներում կարծես կա ըմբռնում, որ նոր երթուղին, որը պետք է լինի ավելի լավ որակի ու արագընթաց, եւ երթուղու փոփոխություն տեղի կունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ։

«Այս փուլում դեռեւս ճանապարհի նախագծման աշխատանքներն ենք սկսել եւ երբ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այո կգնանք նման լուծումների»,-ասաց Փաշինյանը։

Արդյոք հնարավո՞ր է Ադրբեջանը անցակետ տեղադրի այդտեղ, եւ պահանջի նույն կարգավիճակը Սյունիքով անցնող ճանապարհի դեպքում, այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում այդ ցանկությունը, բայց ՀՀ-ն ելնում է այն իրողությունից, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է․ «Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է եւ մենք ՌԴ-ում բարձրագույն մակարդակով ստացել ենք այդպիսի հավաստիացում, որ այդպես էլ կլինի»։ Ճշտող հարցին՝ անցակետ չի՞ տեղադրի, Փաշինյանը պատասխանեց՝ այո։

Անդրադառնալով Լաչինի, Աղավնոյի ու Սուս համայնքների բնակիչների ճակատագրին, Փաշինյանն ասաց ՝ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, նաեւ բնակիչները պիտի բնակարանով ապահովվեն։ Լաչինում այսօր մարդիկ ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կարծում եմ կլուծվեն։ Սուս գյուղի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին տեղեկություններ չունեմ։ Արցախի կառավարության հետ քննարկելիս Սուս գյուղի անուն չի շոշափվել»,-ասաց Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ես այս մարդուն սուտերը արդէն շատոնց է ոչ իսկ կը կարդամ, բայց չհասկցայ՝ Առավոտը իբր թէ մերժեր էր այս ձեւի հարց ու պատասխանը, եկուր տես որ ձեր լրահոսին ամէն մէկ երկրորդ լուրը վարչապետի ձաբռտուք է.

    դուք շուարած մարդի՞ք էք։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930