«Ադրբեջանի նախագահը, բրյուսելյան հանդիպման ժամանակ Եվրամիության խորհրդի նախագահի եւ իմ ներկայությամբ խոստացել էր, որ գերիներ ազատ կարձակվեն։ Բայց մեր հաջորդ հանդիպմանն արձանագրեցինք, որ այդ խոստումը չի կատարվել»,- այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։
«Ադրբեջանի ղեկավարն էլ փորձ արեց ինձ վերագրել խոստում, թե ես էլ ինչ-որ բան եմ խոստացել, մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիների երթուղու հետ կապված, որ իբր ես խոստում եմ տվել, որ երթուղու հետ կապված կոնկրետ կոորդինատներ կներկայացնեմ։ Բայց այդպիսի խոստում ես չեմ տվել, որովհետեւ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի։ Ինչո՞ւմ է հիմնական տարաձայնությունը կոմունիկացիների վերաբերյալ, եթե շատ կոնկրետ ձեւակերպենք, առայժմ մենք չենք կարողանում լիարժեք համաձայնության գալ ճանապարհների օգտագործման, սահմանների հատման իրավական ընթացակարգերի վերաբերյալ։
Վերաբացվող ճանապարհներն այս քննարկման արդյունքում բացվող ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ Օրինակ՝ անձնագրային, մաքսային հսկողությունն ինչպես պետք է իրականացվի, ինչ հայտարարագրեր պետք է լրացվեն, ինչ վճարներ պետք է վճարեն եւ այլն։ Երթուղիների ընտրությունն այդքան մեծ չի, ընդամենը 3-5 տարբերակ, եւ դրանցից մեկը պետք է ընտրենք։ Երթուղին տեխնիկական հարց է։ Երբ հայկական խաչմերուկ նախագծի իրավական գործարկման շուրջ համաձայնության գանք, ամենաարդյունավետ երթուղիների հարցում ոչ ոք մեզանից ավելի շահագրգիռ չի կարող լինել»։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ