Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով մի շարք լրատվամիջոցների նախապես ուղարկված հարցերին, եւ անդրադառնալով խաղաղության օրակարգին, ասաց՝ խաղաղության օրակարգը չունի այլընտրանք, սակայն այլ հարց է, թե որքանով է հնարավոր դա իրագործել։
Փաշինյանը նշեց՝շատ կարեւոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է հանդիպակաց կառուցողական շարժում լինի․«Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի։ Ինչպես ընդունված է ասել՝ սատանան մանրուքների մեջ է, այլընտրանք չունի, եւ նաեւ դա է պատճառը, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք եւ կշարունակենք անել՝ ՀՀ եւ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար։ Որովհետեւ դրա այլընտրանքը նոր պատերազմն է։ Ես օրինակներ բերեցի, թե ինչպես է Ադրբեջանն ինքը հրաժարվում գալ խոսակցության՝ հրապարակավ մեղադրելով Հայաստանին։
Սա ինչի՞ համար է արվում, իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձեւավորելու համար։ Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների ու մտադրությունների մասին, բայց նաեւ առավել եւս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային ու կարեւոր է խաղաղության օրակարգի հետեւողական, համբերատար առաջ մղումը։ Այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ