Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մերժել է ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների փաթեթային բացման հայկական առաջարկը, հրաժարվել է երկաթուղու շինարարության պայմանավորվածությունից․ Փաշինյան

Հունիս 27,2022 21:33

«Ընդհանրապես, Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել եւ շարունակում է այդպիսին մնալ։ Միջազգային հանրությունն, իմ կարծիքով,  արձանագրում է, որ Հայաստանն ամեն անգամ փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց դրան ի պատասխան մենք տեսնում ենք Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե Ադրբեջանի նախագահը դժգոհում է, որ խաղաղ համաձայնագրի շուրջ ադրբեջանական առաջարկը անպատասխան է մնացել, եւ Նախիջեւանի հետ հաղորդակցության ուղիների  բացումը Հայաստանի իրավական պարտավորությունն է, որը չի պատրաստվում իրագործել։

Ասուլիսը, հիշեցնենք, հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը, լրագրողները չեն մասնակցում ասուլիսին, որոշ ԶԼՄ–ներ հարցերը նախապես ուղարկել են, որը հնչեցնում է Հանրայինի մեկնաբանը։

Փաշինյանն ասաց՝ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի եւ մեր բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը․ «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հետաքրքրված ենք այդ գործով։ Պիտի արձանագրեմ հետեւյալը, երբ մենք Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցրեցինք, ես էլ հայտարարեցի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը։ Դրանից հետո Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվեց այդ պայմանավորվածությունից։ Ինչպե՞ս հրաժարվեց, դրանից հետո եղավ առաջարկ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել գրավոր փաստաթղթով, փաստաթղթի նախագիծը ներկայացրել էր եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը, հայկական կողմը պատրաստակամություն արտահայտեց ստորագրել այդ փաստաթուղթը, ադրբեջանական կողմը հրաժարվեց։

Վերջերս էլ հրապարակվեց, թե ՀՀ-ն ինչ կոնկրետ առաջարկով է հանդես եկել ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների փաթեթային բացման վերաբերյալ, ադրբեջանական կողմը մերժեց նաեւ այդ տարբերակը։ Եվ այն հայտարարությունը, որն ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ արեց Ադրբեջանի նախագահը, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պիտի գործեն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Լաչինի միջանցքը, ես այն ժամանակ եմ արձանագրել, որ մեզ համար դա անընդունելի է, որովհետեւ  եռակողմ հայտարարության մեջ հստակ է, որ այնտեղ կա միայն մեկ միջանցքի հիշատակում, եւ դա Լաչինի միջանցքն է, որն ըստ եռակողմ փաստաթղթի՝ գտնվում է ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո։ Հայաստանի տարածքով անցնող միջանցքների մասին որեւէ բան գրված չէ։ Խոսքը կոմունիկացիների մասին է, այն մասին է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները պետք է նաեւ հնարավորություն ունենան Նախիջևանի հետ տրանսպորտային կապ հաստատել։ Եվ մենք մշտապես պատրաստակամություն ենք հայտնել այդ կապն ապահովել, հենց այսօր էլ պատրաստ ենք դա անել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930