Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը

Հունիս 27,2022 20:02

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Հունաստանի վարչապետի հետ

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա:

Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործման, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման միջոցով։

Քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների ուղեկցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող խնդիրների շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հունաստանի կառավարության՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված օգնությունը:

Նախարար Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930