Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից ստացվել է գրություն, որ ՀՀ ԱԱԾ-ում առկա են տվյալներ, որ «Աշտարակ» Բ/Կ ՓԲԸ-ի առանձին բուժաշխատողներ առանց «ՔՈՎԻԴ 19»-ի դեմ փաստացի պատվաստում իրականացնելու՝ որոշ քաղաքացիների տրամադրել են պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր:
Ձեռնարկված օպեր. հետախուզական և ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ն. Հ.-ն , Ռ. Ա-ն, Ա. Լ.-ն եւ Ֆ.Ք.-ն ՀՀ առողջապահության նախարարության «ԱՐՄԵԴ» միասնական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ պատվաստվել են «ՔՈՎԻԴ 19»-ի դեմ պատվաստանյութերով «Աշտարակ» Բ/Կ ՓԲԸ-ում, սակայն վերջիններս գտնվել են արտերկրում, փաստորեն նրանք ստացել են պատվաստման վերաբերյալ հավաստագրեր` առանց պատվաստվելու:
Բացի այդ՝ նույն տվյալներով Գ. Ք.-ն եւ նրա կինը՝ Է. Ե-ն, ինչպես նաեւ Լ. Դ.ն, Թ. Պ.-ն, Ս. Մ.-ն, եղբայրներ Գ. Բ.-ն եւ Վ. Բ.-ն ու Ա. Ի-ն «Աշտարակ» Բ/Կ-ում փաստացի պատվաստումներ չեն ստացել, սակայն նշված Բ/Կ-ից վերջիններիս եւս տրամադրվել են կեղծ հավաստագրեր:
Վերը նշված անձանց դեպքերում ըստ «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրված տվյալների, որպես պատվաստում կատարող բժիշկ նշված են «Աշտարակ» Բ/Կ-ի պոլիկլինիկայի տնօրենի տվյալները, սակայն կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ «Աշտարակ» Բ/Կ-ում պատվաստման գործընթացում փաստացի ներգրավված են եղել նույն Բ/Կ-ի բժիշկ-թերապևտներ՝ Ա. Ն.-ն, Ս. Ղ.-ն եւ բուժքույրեր Հ. Հ.-ն, Մ. Մ.-ն, իսկ պատվաստված անձանց վերաբերյալ տվյալներն «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրվել են նշված Բ/Կ-ի օպերատոր Հ. Հ.-ի կողմից: Նախապատրաստվում են նյութեր: