Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կողմից ասում են, որ կարող ենք ցույցեր անել, մյուս կողմից՝ դրանից օգտվում է միայն ընդերք օգտագործողը»․ իրավաբան

Հունիս 27,2022 18:18

«Պետք է ամրագրվի, որ սեփականության իրավունքի իրացումը չի կարող վնաս պատճառել շրջակա միջավայրին․ մարդու առողջության իրավունքը գործող սահմանադրությունում նորմալ ձեւակերպված չէ, այն առողջության իրավունքի ընդհանուր դրույթ է, մինչդեռ պետք է փոխկապակցվի, գնահատում պետք է արվի առողջության եւ շրջակա միջավայրի հետ դրա կապակցվածության վերաբերյալ»,-«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի կազմակերպած՝ «ՀՀ սահմանադրության բարեփոխումներ․ մարդու իրավունքների օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստանի անտառներ» հ/կ տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։

«Օրենքով հիմա սա պարզապես գրված է, գնահատվում չի արվում։ Ամեն անգամ պատճառաբանում են, թե մեթոդաբանություն չկա, մինչդեռ 93թ․-ի օրենքում գրված է, որ առողջության գնահատումը պետք է իրականացվի եւ դրա համար առողջապահության նախարարության կազմում ՊՈԱԿ կա։ Որեւէ բան չեն անում»,-նկատեց Նազելի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունում շրջակա միջավայրի հետ կապված հարցերում պետք է ամրագրվի նաեւ մասնակցայնությունը, այլապես մարդկանց ոչինչ չի մնում, քան ճանապարհ փակել․ «Հիմա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծ կա, որով այդ դրույթներն ուզում են կարգավորել կառավարության որոշմամբ՝ հանելով օրենքից, ինչն անթույլատրելի է, այն պետք է սահմանադրական դրույթ լինի։ Պատասխանատվության առնչությամբ եւս պետք է ունենալ ձեւակերպում, որովհետեւ շատ դժվար է վնասի համար պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այսօր տեղեկացա, որ Իրանը դիմել է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի կողմից գետի աղտոտման պատճառով վնասի հատուցման համար։ Մեծ գումար է պահանջում։ Այսինքն, վնասն ավելի շատ է լինում, քան օգուտը։ Մեր երկրի դեպքում պատասխանատվությունը բացակայում է, երբ հարցը հասնում է շրջակա միջավայրին եւ առողջությանը»։

Նազելի Վարդանյանի խոսքով՝ պետք է մտածել նաեւ, թե սահմանադրությամբ ինչպես է հնարավոր կապել խաղաղ հավաքների դրույթը շրջակա միջավայրի հետ․ «Հիմա միտում կա սահմանափակելու։ Օրերս «Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց, որով քաղաքացիների անհնազանդությունը դիտվում է որպես անհաղթահարելի ուժ եւ այդ ժամանակահատվածի չափով երկարացնում է հանքարդյունաբերության շահագործման թույլտվությունը։ Սա անթույլատրելի է, սահմանադրական դրույթի խախտում է։ Հստակ ձեւակերպումներ են պետք, որ պաշտպանված լինենք։ Հակառակ դեպքում մի կողմից ասում են, որ կարող ենք ցույցեր անել, մյուս կողմից՝ դրանից օգտվում է միայն ընդերք օգտագործողը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930