Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս փաթաթվել է խաչքարին, վիրավորվել է, բայց կատարել է ռազմական առաջադրանքը…Պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է». Նաիրա Հովսեփյանի ազդեցիկ ելույթը՝ ԱԺ-ում

Հունիս 27,2022 18:09

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցով նիստի ժամանակ դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանն իր ելույթում ասաց, որ 1992 թվականից աշխատում է ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր, մինչեւ 2007-ը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում որպես դասախոս է աշխատում ու շուրջ 26,5 տարի իրականացնում է արդարադատություն. «Երբեւիցե չեմ դիմել այլ ատյանում աշխատելու կամ այլ աշխատանքի համար նշանակվելու կամ մրցույթի մասնակցելու: Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը ե՛ւ որպես դասախոս, ե՛ւ որպես դատավոր գտնում եմ, որ օրենքը փորձություն է անցնում առաջին ատյանի դատարանում: Առաջին ատյանի դատավորն է տեսնում օրենքի բացերն ու բարձրաձայնում: 2006-ից միակ դատավորն եմ եղել, որ ասել եմ՝ սոցքարտերի բացակայությունը չպիտի խոչընդոտի կենսաթոշակի ստացմանը: Այլ կարծիք են հայտնել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները, բայց ՍԴ-ն 2006-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ համաձայն է եղել իմ դիրքորոշման հետ, որոշման մեջ նշել է իմ վճռի մասին ու օրենսդրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն: Սա՝ քաղաքացիական ոլորտում:

Քրեական գործերի մեջ ես միակ դատավորն եմ եղել, որ ասել եմ՝ տուգանքը չի կարող փոխարինվել հանրային աշխատանքներով, որովհետեւ տուգանքը ավելի մեղմ պատժատեսակ է, քան հանրային աշխատանքը եւ ՄԻՊ-ը իմ որոշումների հիման վրա դիմել է ՍԴ ու օրենքում կատարվել է փոփոխություն:

Նախկինում անգործունակ ճանաչված անձը չէր կարող վիճարկել իր անգործունակությունը: Ես ՀՀ-ում միակ դատավորն եմ եղել, որ գործն ընդունել եմ վարույթ, ղեկավարվել եմ ՄԻԵԴ նախադեպով ու դրանից հետո օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն: Ես այսօր էլ պրպտում եմ ու այն բացերը, որ կան օրենքում փորձում եմ հայտնել դրա մասին իմ կարծիքը, որպեսզի կատարվեն համապատասխան փոփոխություններ»:

Նա բացատրեց, թե այդքանից հետո ինչու է դիմել՝ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատում աշխատելու համար: Նրա ձայնը դողում էր պատմելիս, հուզմունքը մի կերպ էր թաքցնում. «2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց պատերազմ, որին մասնակցեց նաեւ իմ որդին: Իմ որդին բացառիկ ունակությունների տեր անձ էր, դրա մասին է վկայում այն, որ տղաս միաժամանակ սովորել է ԵՊՀ իրավաբանության, փիլիսոփայության եւ հոգեբանության եւ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում: Համալսարանի երկու ֆակուլտետներն ավարտել է գերազանց, դարձել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, եղել է համալսարանի գիտխորհրդի անդամ, գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ, համալսարանի բրոնզե մեդալակիր, «Հայ ասպետ» խմբով մասնակցել է համալսարանի թիմով ու մեկնել Արեւմտյան Հայաստան: Տղաս կամավոր մեկնել է բանակ, որովհետեւ ուներ տարկետման իրավունք՝ լինելով նաեւ մինուճար որդի, զավակ, մեկնել է բանակ, պատվով ծառայել է, վերադարձել է բանակից 2020-ի օգոստոսի 13-ին ավագ լեյտենանտի կոչումով: Ամիս ու կեսվա ընթացքում համալսարանում ընդունվել է գիտակրթական հանձնաժողովի նախագահ եւ հիմք դրել ոչ ֆորմալ կրթությանը: Հիմա նրա անունով կոչվում է համալսարանում «Գեւորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը»: Սեպտեմբերի 27-ին գնացել է զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվի, բայց նրան մերժել են, որովհետեւ նոր էր վերադարձել բանակից: Սեպտեմբերի 28-ին ջոկատ է կազմել համալսարանում եւ մեկնել Մատաղիս: Վերադարձել է պատերազմից հոկտեմբերի 13-ին, քանի որ ամբողջ խումբը հիվանդացել էր թոքաբորբով: Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ: Տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմն իր աչքերով: Մասնակցել է Շուշիի պաշտպանությանը եւ վիրավորվել 3 անգամ: Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, առաջին անգամ, երբ վիրավորվել է, ինքն իրեն ցավազրկել է, շարունակել մարտը, որպեսզի կատարի ռազմական առաջադրանքը: Նա փաթաթվել է խաչքարին կանգնած վիճակում, ինչպես ասում են ականատեսները, վիրավորվել է 2-րդ, 3-րդ անգամ, բայց կատարել է ռազմական առաջադրանքը: Երբ իմացել է, որ զինվորները կատարել են առաջադրանքը, թույլ է տվել, որ տանեն հիվանդանոց: Որդիս այնտեղ անմահացել է: Մականունը որդուս ֆանտաստիկ էր: Ինչո՞ւ եմ դիմել՝ որովհետեւ ուզում եմ, որ մեր երկիրը ազատվի կոռուպցիայից, կոռուպցիան հրեշ է, կեղտ է: Բառը լատիներենից նշանակում է փչացած, այլասերված: Պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է: Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանք է տվել որդիս ու նրա ընկերները: Դա համար ես դիմել եմ, որ դառնամ այդ դատարանի դատավոր»:

Նաիրա Հովսեփյանը նշեց, որ դատավորի համար գիտելիքներից բացի պետք է ներքին անկախություն եւ կամք, անխոցելիություն: Նա ասաց, որ իր ապրած կյանքը, ստացած գիտելիքները բավարար են, որ ԱԺ-ն իրեն վստահի այդ պաշտոնը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930