Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրության 2-րդ եւ 3-րդ գլուխների տարանջատումը պետք է վերացվի․ ի՞նչ խնդրի է դա բերում՝ ըստ փորձագետների

Հունիս 27,2022 18:00

ՀՀ սահմանադրության 2-րդ եւ 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու կարիք կա, քանի որ այդ տարանջատման հիմքում դրված իրավական հիմքը խնդրահարույց է։ Այս մասին այսօր «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի կազմակերպած՝ «ՀՀ սահմանադրության բարեփոխումներ․ մարդու իրավունքների օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն»-ի փորձագետ, սահմանադրագետ Նարինե Ալեքսանյանը (լուսանկարում)։

Նա հիշեցրեց՝ 2015թ․-ի սահմանադրական փոփոխություններով մի շարք սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներ, օրինակ՝ սոցիալական ապահովության, առողջության պահպանման, արժանապատիվ գոյության, աշխատանքի բավարար պայմանների իրավունքները դադարել են համարվել հիմնական իրավունքներ եւ դուրս են բերվել սահմանադրության 2-րդ գլխից եւ ներառվել 3-րդ գլխում՝ որպես օրենսդիր մարմնի նպատակներ։ Թե ինչ խնդիրներ է առաջացնում նման մոտեցումը, փորձագետը նախ նշեց, որ այս տարանջատմամբ երրորդ գլխում ամրագրված սոցիալ-տնտեսական իրավունքները դադարում են ունենալ անմիջական գործողություն․ «Անմիջական գործողությունն ապահովում է, որ հանրային մարմինները կիրառեն այդ իրավունքներն ու ազատությունները, դրանց պաշտպանության համար ընդունեն օրենքներ եւ սահմանեն ընթացակարգեր»։

Նարինե Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ն տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին դաշնագիրը վավերացրել է 1993թ․-ին, եւ ՀՀ սահմանադրությունում առնվազն պետք է ամրագրվեն այդ իրավունքների երաշխիքները։ Վերոնշյալ տարանջատման մյուս խնդիրը, Նարինե Ալեքսանյանի խոսքով, այն է, որ անձը եւ ՄԻՊ-ը զրկված են մարդու՝ սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերը ՍԴ-ում վիճարկելու իրավունքից։

Քննարկմանը ներկա ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այս առիթով տեղեկացրեց, որ սահմանադրական դատարան դիմելու հետ կապված բավականին առաջարկներ կան, որոնք ինքն առաջ է մղելու։

Նվարդ Փիլիպոսյան

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն»-ի փորձագետ, իրավաբան Նվարդ Փիլիպոսյանն էլ իր հերթին նշեց, որ, օրինակ, առողջության իրավունքի ամրագրման տեսանկյունից 2015թ․-ի սահմանադրությունը, 2005թ․-ի սահմանադրության համեմատ, ունի հետընթաց․ «2005թ․-ին որպես անմիջական գործող իրավունք ամրագրված էր անձի՝ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունքը եւ առողջությանը, բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ Իսկ 2015թ․-ին որպես սուբյեկտիվ իրավունք սահմանադրության 2-րդ գլխում պահպանվեց միայն ֆիզիկական-հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ Առողջության հետ կապված մյուս բոլոր իրավունքները տեղափոխվեցին ու դարձան օրենսդրական երաշխիքներ կամ քաղաքականության նպատակներ, այդ թվում՝ առողջության պահպանումը»։

Նվարդ Փիլիպոսյանի խոսքով․ «Սրա աբսուրդը նրանում է, որ առողջության պահպանումն ինքնին որպես նպատակ՝ արդարացնում է շատ հիմնարար իրավունքների սահմանափակումը։ Սա տեսանք համավարակի ժամանակաշրջանում, երբ շատ իրավունքներ, այդ թվում՝ տեղաշարժ, կրթություն, սահմանափակվեցին հենց առողջության պահպանման հիմքով։ Նման սահմանափակումների պարագայում առողջության պահպանումը, որպես իրավունք, սահմանադրությունում ամրագրված չի, ինչը տարօրինակ է եւ խնդրահարույց»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930