Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Աղասի Մկոյանի թեկնածությունները: Հարցն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկվել է հունիսի 27-ի արտահերթ նստաշրջանում:
Առաջադրված թեկնածուների կենսագրությունը, գործունեությունը եւ անցած ուղին պատգամավորներին ներկայացրել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:
Ներկայացնելով իր տեսլականը՝ Արթուր Դավթյանը կարծիք է հայտնել, որ դատական իշխանությունը՝ որպես անկախ եւ ինքնուրույն ճյուղ, պետք է առավել ջանքեր գործադրի, որպեսզի իր առաքելությանը համապատասխան նպաստի իրավունքի գերակայության սկզբունքի իրացմանը, արդար եւ անաչառ արդարադատության իրականացմանը:
Անդրադառնալով դատական արդարադատության իրականացմանը՝ Արթուր Դավթյանն ընդգծել է, որ միայն դատական ակտերի եւ դրանց կայացման ամբողջ ընթացքի մշտադիտարկման արդյունքում է հնարավոր գնահատել գործընթացի արդյունավետությունը: Նա խոսել է ոլորտի՝ օրենսդրական լուծում պահանջող խնդիրներից եւ այս համատեքստում կարեւորել օրենսդրի հետ արդյունավետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
«Հակակոռուպցիոն դատարանի եւ դատավորների գործունեությունը կրկնակի պատասխանատվություն է ենթադրում, քանի որ օրենքների, արդարադատության հանդեպ հանրության պատկերացումները, ընկալումները տարիներ շարունակ խեղվել են կոռուպցիոն ռիսկերի պատճառով: Հետեւաբար, հակակոռուպցիոն դատարանը՝ որպես արդարադատություն իրականացնող մարմին, կոռուպցիոն հանցագործությունների, դրանց իրականացման հարցում պետք է զրո հանդուրժողականություն ցուցաբերի, ինչը կարող է հիմք լինել՝ կոռուպցիոն սխեմաները, ինստիտուտները բացառելու համար»,- ասել է Արթուր Դավթյանը:
Առաջադրված մյուս թեկնածուն՝ Նաիրա Հովսեփյանը, 26 տարուց ավելի է գործունեություն է ծավալում դատական համակարգում: Նրա գնահատմամբ՝ օրենքը փորձություն է անցնում Առաջին ատյանի դատարանում, քանի որ հենց Առաջին ատյանի դատավորն է տեսնում օրենքի բացերը: Թեկնածուի խոսքով՝ լինելով Առաջին ատյանի դատարանի դատավոր՝ ինքը բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրների մասին, ինչի արդյունքում օրենսդրական լուծումներ են տրվել:
Աղասի Մկոյանն էլ անդրադարձել է դատարանների ծանրաբեռնվածության խնդրին, կարեւորել այս հարցում օրենսդիր մարմնի գործուն մասնակցությունը: Նա վստահեցրել է, որ իր գիտելիքները եւ փորձը կներդնի ի շահ Հակակոռուպցիոն պալատի կայացման ու զարգացման:
ԱԺ