Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան․ «Օրենսդրական փոփոխությամբ մարդկանց զրկում են ընտրելու իրավունքից»

Հունիս 27,2022 17:41

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այդ նիստն ի՞նչ նպատակ ուներ, այդ 100 միլիոն դոլարն ի՞նչ նպատակով էր ծախսվել, ծախսվե՞լ է արդյոք, թե՞ ոչ, յուրացվե՞լ է, թե՞ ծախսվել է։ Ի վերջո, հաշվետվություն ե՞րբ են ներկայացնելու»,-այսօր «Հայելի» ակումբում այս հարցերը հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կյուրեղյանն անդրադառնալով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին լսումներին, ասաց՝ այս իշխանությունները ոչ մի բանի առաջ չեն կանգնում, որպեսզի իրենց իշխանությունը ամրապնդեն, պահպանեն․ «Օրենքը փոխում են միայն այն պատճառով, որ այս կամ այն համայնքում ընտրված ղեկավարն իրենց ուզածը չէ։ Օրենքը փոխում են, որ ամեն կերպ կարողանան համայնքի իրենց սրտի ուզած ղեկավարին ընտրեն։ Վարդենիսում, Ամասիայում, Վանաձորում այդպիսի իրավիճակ է եղել՝ իրենց ուզածը չի եղել։ Եվ նույնիսկ չեն էլ թաքցնում, թե այդ փոփոխություններն ինչին են ուղղված»։

Պատգամավորի խոսքով՝ փոփոխությամբ իշխող ուժն առաջարկում է համայնքի ղեկավարի ընտրության դեպքում, եթե որեւէ խմբակցություն 50 եւ ավելի տոկոս չի հավաքել, այսինքն, իրավունքի ուժով համայնքի ղեկավար չի նշանակվել եւ ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավարին, այդ դեպքում ավագանու ընտրությունը պետք է ընթանա փակ ռեժիմով, մինչդեռ գործող օրենքով այդ գործընթացը բաց էր․ «Իսկ դա հնարավորություն էր տալիս խուսափել ավագանու անդամների վրա ճնշումներ գործադրելուց։ Սա առաջին հերթին միտված է հենց Վանաձորի ղեկավարի ընտրության հարցին։ Վանաձորում հուլիսի 24-ից հետո ի վերջո համայնքի ղեկավարի ընտրության այդ առաջին նիստը պետք է կայանա։ Այս պահին ունենք 16/17 հարաբերակցություն, 17-ը՝ ընդդիմադիր ուժի մանդատներն են։ Քանի որ Մամիկոն Ասլանյանին ազատ չեն արձակել, իրենք հույս ունեն, որ ընդդիմադիրներից մի քանիսին կկարողանան իրնեց կողմ տանել եւ նժարը դեպի ոչ ընդդիմադիրների կողմը կլինի»։

Կյուրեղյանի գնահատմամբ՝ խնդրահարույց է նաեւ օրենսդրական փոփոխությամբ առաջարկվող մեկ այլ դրույթ․ «Շրջիկ արկղերի ինստիտուտի վերացման հարց ն է։ Ասում են՝ շրջիկ արկղերը, որպես ընտրության մեխանիզմ, պետք է հանել, որովհետեւ հիմնավորում են, որ դրանցով պտտվելով մեծ վտանգներ է առաջանում հանձնաժողովի անդամների եւ նաեւ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների համար՝ վարակվելու առումով։ Փոխանակ այնպիսի մեխանիզմ կիրառեն, որպեսզի կանխեն վարակումը, մարդկանց զրկում են ընտրելու իրավունքից։ Այս իշխանությունն ամեն ինչ անում է երկիրը ոստիկանապետություն դարձնելու համար, բռնապետություն սահմանելու համար։ Ամեն ինչ անում են մեկ անձի իշխանության հասցնելու մեր երկիրը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930