Հունիսի 27-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման ն հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել:
ԱՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմամբ հանդես է եկել պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը:
Հաղորդումը բաղկացած է 3 մասից, առաջինը և երկրորդը բյուջեի հաշվետվությունների վերաբերյալ է, երրորդը՝ ստուգումների արդյունքների վերլուծությունն է: Ընդգրկվել են 2018-2021 թթ բյուջետային տարիները, իրականացվել են 4 ծրագրեր, կազմվել է 25 հաշվետվություն: Ավելի քան 40 մլն դրամի խեղաթյուրում, ավելի քան 103 մլն-ի անհամապատասխանություն են հայտնաբերել: Դրանց մեծ մասը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է առնչվել:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ:
Կարդացեք նաև
Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել ԱՀ պետական վերահսկողական ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար՝ նրանց վարձատրությունը համապատասխանեցնելով ԱՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրությանը:
Առաջարկվում է նաև ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման ու ջրային կոմիտեների բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրությունն իրականացնել պետական կառավարման այլ մարմիններում սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներին համապատասխան:
«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Առևտրի հարկի մասին» և «Հաստատագրված վճարների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինափաթեթը ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:
Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի մի շարք գործունեության տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրման, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած՝ պետական աջակցության ծրագրում ներառված հարկ վճարողների շահութահարկով հարկման հետ կապված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ:
Նախագծերը արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին