Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին։ Նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Կլոդ Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունը։ Երեք մասից բաղկացած «Ծովը» գրվել է 20-րդ դարասկզբին՝ 1903-1905 թվականներին, և հեղինակի սիմֆոնիկ ամենամեծ ստեղծագործություններից է, որը նվիրված է բնության մեծագույն տարերքներից մեկին։ Դեբյուսին համարում էր, որ երաժշտությունն արվեստի այն ճյուղն է, որն ամենամոտն է բնությանը։
Համերգի ընթացքում նվագախումբն ունկնդրին էր փոխանցում այն պատկերները, որ կոմպոզիտորը նկարագրել է հնչյունների միջոցով՝ ալիքների խաղը, քամու և ծովի երկխոսությունը… Երաժշտասերներն ունկնդրեցին նաև Դեբյուսիի առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։ Նա իր կատարողական վարպետությամբ ու անկեղծությամբ ունկնդրին էր փոխանցում Ռախմանինովի կոնցերտի ամբողջ խորությունը։ Գլորիա Կամպաները սիրված ու սպասված երաժիշտ է Երևանում։ Ապացույցը հանդիսատեսի չդադարող ծափողջույններն էին, որոնք չէին թողնում դաշնակահարուհուն հեռանալ բեմից, ու լեփ-լեցուն դահլիճը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Կարդացեք նաև