Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը շարունակում է ուժեղացնել իր բանակը, նոր սպառազինություններ ձեռք բերել, ՀՀ-ի հետ սահմաններին նոր ուժեր բերել ու վերաձեւավորել

Հունիս 27,2022 15:37

Այն հարցերը, որոնք այսօր Հայաստանի ու Արցախի համար դարձել են օրակարգային, դրանք արդեն դուրս են անգամ քաղաքական մակարդակից: Դրանք ազգային հարցեր են, այսինքն՝ ավելին են քան քաղաքականը: Այսօր «Հայելի» ակումբում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով այն քաղաքացիներին, որոնք չեն միացել Դիմադրության շարժմանը եւ ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Նրա խոսքով՝ այս իրավիճակում կապ չունի՝ բանկո՞ւմ ես աշխատում, շինարա՞ր ես, լրագրո՞ղ, թե՞ քաղաքական գործիչ. «Այդ մարդիկ պետք է հասկանան, որ այդ գործընթացներից հեռու մնալը, չմասնակցությունը իրենց հետագայում զրկելու է տուն ունենալու եւ իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով, իրենք պատրաստ են աջակցել, կանգնել այն ուժերի կողքին, որոնք գիտակցում են, որ այս իշխանությունները պատուհաս են երկրի համար եւ նոր սպառնալիքներ են բերելու: Ըստ նրա, պատերազմը մտել է արցախցիների, սյունեցիների գեղարքունիքցիների տուն, հաջորդ պատերազմը յուրաքանչյուրի տուն է մտնելու. «Հետպատերազմյան ժամանակաշրջանում մարդկանց լիարժեքորեն մոլորեցրին, թե խաղաղություն են բերելու, հատկապես նախընտրական շրջանում, երբ քվե էին մուրում: Ընդդիմությանն էլ ասում էին՝ պատերազմ են բերելու: Բայց այսօր, այդ նույն մարդիկ, որոնք խոսում էին խաղաղության դարաշրջանի մասին, այսօր ասում են՝ այդ խաղաղությունը միայն մեզանից կախված չէ»:

Պատգամավորը պնդում է, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, եթե բանակի մարտունակությունը բարձրացնենք, անվտանգային համակարգերը վերականգնենք. «Մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության ու թշնամիներին զսպման կարեւոր գործոնը մարտունակ զինված ուժերն են: Նրանք քանդեցին այդ զինված ուժերը՝ ժողովրդին ներկայացնելու՝ տեսեք սա չունենք, նա չունենք, ստիպված՝ ամեն ինչ հանձնելով գնում ենք»:

Նա հիշեցրեց, որ այս իշխանությունների օրոք, երբ խաղաղության դարաշրջան էր, ադրբեջանական զորքերը որքան են առաջ եկել՝ Գեղարքունիքի, Սյունիքի ուղղություններով, Փառուխ գյուղի ուղղությամբ եւ այլն:

Մինչդեռ, այս ընթացքում, ըստ Տիգրան Աբրահամյանի, Ադրբեջանը շարունակում է ուժեղացնել իր բանակը, նոր սպառազինություններ ձեռք բերել, Հայաստանի հետ սահմաններին նոր ուժեր բերել ու վերաձեւավորել. «Այս ամենը վկայում մեկ բանի մասին, որ առաջիկա տարիներին եւս Ադրբեջանի համար ուժի կիրառումը մնալու է շանտաժի սպառնալիքի հիմնական գործիք, դա բանեցվելու է այս իշխանությունների գլխին եւ, ցավալիորեն, Հայաստանին նոր կորուստներ է բերելու»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930