Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախկին սահմանադրությամբ ունեինք բնապահպանական իրավունքներ։ Մեզանից դրանք խլեցին»․ Դավիթ Հակոբյան

Հունիս 27,2022 15:13

«Շատ ցավալի է, որ սահմանադրության երկրորդ գլխում այսօր բացակայում են սոցիալական իրավունքները։ Մասնագիտական հանձնաժողովում իմ աշխատանքի նպատակն է բնապահպանական իրավունքների ներմուծումն ու սոցիալական իրավունքների վերադարձը»,-«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի կազմակերպած՝ «ՀՀ սահմանադրության բարեփոխումներ․ մարդու իրավունքների օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համակարգող Դավիթ Հակոբյանը։

«Մի բան է ակնհայտ, որ մեկն առանց մյուսի՝ չի կարող ապահովել ամբողջական իրացում։ Եթե հռչակում ենք մամուլի ազատություն, սակայն ծնողների գումար չունենալու պատճառով երեխաները չեն կարող դպրոց գնալ, տառաճանաչ լինել ու օգտվել այդ մամուլից, ապա ո՞ւմ է պետք այդ ազատությունը»,-հարցադրում արեց Դավիթ Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ սոցիալական իրավունքներն իրականում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չէ, որ ձեւավորվել են․ դեռեւս 12-րդ դարում քննարկվել է, օրինակ, անտառի բարիքներից օգտվելու մասին իրավական կարգավորումը․ «Մեզ մոտ էլ կային բնապահպանական իրավունքներ։ Մեզանից դրանք խլեցին։ Նախկին սահմանադրությամբ այդ իրավունքներն ունեինք։ Սահմանադրության բարեփոխումներն անհրաժեշտ է, որպեսզի վերադարձվեն սոցիալական իրավունքները։ Դատավորը չի կարող որոշել պետության սոցիալական քաղաքականությունը, չունի այդ փորձագիտական պրակտիկան»։

Փորձագետը նշեց՝ եթե հռչակում ենք, օրինակ, սոցիալական իրավունքը, ապա դա չի նշանակում, որ պետությունը քաղաքացուն տալու է բնակարան․ «Դա նշանակում է, որ պետությունը պետք է ունենա սոցիալական բնակարանաշինության խելամիտ ռազմավարություն։ Այսինքն, իրական պետք է լինի իրավունքը։ Նման իրավունքները հանգում են պետության՝ քայլեր ձեռնարկելու պարտավորությանը եւ խտրականության բացառմանը։ Եթե նման իրավունքները նախատեսվեն սահմանադրության երկրորդ գլխում, կարելի է նաեւ սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնել»։

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ հաճախ ենք լսում, որ խորհրդարանն ընդունում է օրենք, որովհետեւ խորհրդարանն է ժողովրդի կամքի արտահայտությունը․ «Բայց սահմանադրական դատարանը պետք է բացահայտի՝ արդյոք խորհրդարանը ճի՞շտ է որոշել, ճի՞շտ է բացահայտել ժողովրդի կամքը։ Այսինքն, օրենքները լեգիտիմ են այնքանով, որքանով հարգում են սահմանադրությունը։ Սա Ֆրանսիայի սահմանադրական դատարանի հայտնի որոշում է։ Իսկ Իտալիայի սահմանադրական դատարանը սոցիալական իրավունքները դիտարկել է որպես անձի սոցիալական արժանապատվության մաս։ Նման իրավունքները ենթադրում են ոչ թե նոր միջոցների ստեղծում, այլ եղածի՝ ճիշտ մասնաբաժնով հատկացում։ Սա պետք չի դիտարկել որպես միայն անապահով խավի համար։ Հուսամ՝ մեզ կհաջողվի այս իրավունքները հետ բերել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930