Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ Սասունը նորից պարեց. Դաշտադեմի ամրոցում տեղի ունեցավ ազգային երգ ու պարի փառատոն

Հունիս 27,2022 15:17

Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով այսօր Դաշտադեմի ամրոցում տեղի ունեցավ մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։

Փառատոնի առանցքում սասնա պարերն էին, իսկ ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու եռանդուն արարում է․ ինչպես Գևորգ Էմինն է ասել՝ չի՜ հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ պարե՜լ գիտի․․․

Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։
Ներկաներին ողջունեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Գևորգ Պապոյանը, Տավրոս Սափեյանը։

Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշեց, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։

Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրեց, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։

Ելույթ ունեցան Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները՝ պարերի շուրջ համախմբելով պետական այրերին ու փառատոնի մասնակիցներին։

Մարզպետի կողմից պատվոգրեր ստացան լավագույն պարային խմբերն ու երգիչները։

Փառատոնն ամփոփվեց միասնական շուրջպարով։ ․․․Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․

Նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն էր, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային ՀԿ-ն։

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930