Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիկ Ալեքսանյան. Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլև արդարացման հիմքով պետք է դադարեցվի նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

Հունիս 27,2022 14:34

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Միքայել Բադալյանի գործն հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազությունը շարունակում է Միքայել Բադալյանին անօրինական ձեւով պահել կալանքի տակ։

Սույն գործի ապօրինությունը կայանում է հետեւյալում.

ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ ավագ օպեր լիազոր Պ․ Քոչարյանը 11․04․2022թ-ին կազմել է զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ պետ, գնդապես Ռ․Միքայելյանին, որով վերջինիցս թույլտվություն է խնդրել նախապատրաստել նյութեր Միքայել Բադալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով ենթադրաբար արարք կատարելու վերաբերյալ։

Դրանից հետո՝ 20․04․2022 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանը բացառապես նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացրել փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով թիվ 58213322 քրեական գործը հարուցելու մասին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԱԾ-ն առանց Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով (ահաբեկչություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման առումով նյութեր նախապատրաստելու, առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հանցակազմի մասին խոսք լինել չէր կարող, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը «քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ չէր հերքել Միքայել Բադալյանի հաղորդման մեջ նշված՝ նախապատրաստվող ահաբեկչության հանգամանքները կամ չէր հաստատել դրանց անհիմն լինելը և ենթադրյալ հանցավորին չէր ազատել քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով։

Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելով, ըստ էության, Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառումը դիտել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ դիտել է հենց որպես հանցագործության մասին հաղորդում, ինչն իր հերթին նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ-ն տվյալ պարագայում որպես վարույթն իրականացնող մարմին պետք է հանցագործության հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով կայացներ համապատասխան որոշում /քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու կամ հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին/։ Սակայն պաշտպանության կողմը հարկ է համարում նշել, որ ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։

Ավելին՝ նույնիսկ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ Դատարանին հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ-ն Միքայել Բադալյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով որոշում չի կայացրել: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանի 20.04.2022 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ՀՀ ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ, որը հետագայում նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժին։

Գտնում ենք, որ բոլոր դեպքերում, որպեսզի հնարավոր լինի դատողություն անել որևէ անձի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու հիմքի վերաբերյալ, առնվազն անհրաժեշտ է մինչ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելը, որևէ վերջնական որոշում (օրինակ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այլն), որով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը գնահատական տված կլինի անձի կողմից հայտնած տվյալներին՝ սուտ լինելու տեսանկյունից, ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նվազագույն չափանիշներին բավարարող քննությամբ և պատշաճ ապացույցների համակցությամբ, իսկ սույն դեպքում նաև վերջնական որոշմամբ՝ առնվազն հերքվի անձի կողմից հաղորդման, բացատրության մեջ նշած ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները, հատկապես, եթե այդ անձը տվյալ դեպքում հանդիսացել է հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտը:

Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի տեսանկյունից և դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն չեն կարող սույն քրեական գործով դրվել Միքայել Բադալյանի մեղադրանքի հիմքում:

Նշվածի պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930