Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել, որը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին:
Բողոքի քննությանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները: Նախ` ելույթ ունեցան դատախազները:
Դատավորը պահանջեց, որ դատական վեճի շուրջ քննարկումը լինի զուտ մասնագիտական դաշտում, նաեւ ասաց, որ կողմերը հայտարարությամբ հանդես գալու իրավունքից օգտվելու են միայն մեկ անգամ:
Ի պատասխան`Հակոբ Մարտիրոսյանն էլ ասաց, որ ցանկանում են ելույթ ունենալ դատարանի հարցերից հետո, որովհետեւ հնարավոր է հարցերից հետո այլ ասելիք ունենան. «Եթե դուք հիմա հարց չեք տալիս, եւ ես զրկվում եմ ձեր հարցերից հետո հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունից: Այս պարզ պատճառաբանությամբ խնդրում եմ, որ ձեր հարցերից հետո մեզ ելույթի հնարավորություն տաք, այնպես ինչպես նախորդ դատական նիստից հետո դուք հարցեր եք ուղղել մեզ, մենք պատասխանել ենք ձեր հարցերին: Հիմա էլ դատախազները ելույթ ունեցան: Այդպես կպահպանվի նաեւ արդարության սկզբունքը: Ընդ որում, օրենքում այդպիսի կարգավորում չկա, որ մեկ անգամ պետք է ելույթ ունենալ»:
Կարդացեք նաև
Դատավորն ասաց, որ օրենքով ընդհանրապես նախատեսված չէ բողոքի պատասխանի վերաբերյալ պատասխան ներկայացնելու ընթացակարգ, եւ այդ պատասխանի վերաբերյալ հակառակ կողմի պատասխան ներկայացնելու ընթացակարգ. «Դատարանը շարժվելով կողմերի լսված լինելու իրավունքը առաջ տանելու սկզբունքով` տալիս է այդ հնարավորությունը»:
Հակոբ Մարտիրոսյանն արձագանքեց․ «Դուք լավ չեք տիրապետում Քրդատ օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին: Ավելի քան համոզված եմ, որ այն գերազանց գիտեք, պարզապես նպատակայնորեն չվկայակոչեցիք այն հոդվածը, երբ կողմերն իրավունք ունեն եւ պահանջով, եւ հայտարարությամբ հանդես գալու, որտեղ սահմանափակում չկա …Դատարանը նրա համար է, որ կողմերին լիարժեք հնարավորություն ընձեռի, որ այն ինչ կապված է քրեական գործի լուծման ընթացքի հետ, ամբողջովին արտահայտվի»:
Դատավորն ընդհատեց Հակոբ Մարտիրոսյանին. «Դատարանը շատ լավ գիտակցում է իր առաքելությունը: Ինչ վերաբերվում է Քրդատ օրենսգրքի 102 հոդվածի 2-րդ մասին, այդտեղ որեւէ բառ եւ խոսք չկա հայտարարությունների վերաբերյալ; Այդտեղ խոսքը գնում է բացառապես միջնորդությունների եւ պահանջի մասին»:
Այնուամենայնիվ, դատարանը որոշեց կողմերին հնարավորություն տալ ելույթ ունենալ հարցերից հետո:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ