ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետ կապված այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանն ասաց. «Ես առհասարակ ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը»: Հարցին՝ ամաչո՞ւմ եք՝ Զեյնալյանը պատասխանեց, որ նմանատիպ ձայնագրություններ չի լսում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ որպես շարքային քաղաքացի, դուք Ջհանգիրյանի այն արտահայտությունը, որ իր «վզին դրած է», ի՞նչ եք հասկանում՝ Զեյնալյանը պատասխանեց, որ որպես դատավորի թեկնածու պարտավոր է իրավական գործընթացի վերաբերյալ դիրքորոշում չհայտնել:
Լրագրողները ձայնագրության հետ կապված հարցերը այլ կերպ փորձեցին ձեւակերպել՝ Զեյնալյանի դիրքորոշումը հասկանալու համար, ի վերջո ձայնագրությունը խոսում էր «զանգովի արդարադատության» մասին, հիմա նա ուզո՞ւմ է մտնել այդպիսի դատական համակարգ, որտեղ այդ մեթոդներով են աշխատում՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ ինքն առաջնորդվելու է Սահմանադրության նախաբանում ներկայացված սկզբունքներով. «Ազատ եմ լինելու ու առաջնորդվելու եմ բացառապես իրավունքի գերակայությամբ եւ խղճիս կամոք»:
Հարցին՝ Հայաստանում զանգովի արդարադատություն կա՞, թե՞ ոչ՝ Զեյնալյանը պատասխանեց. «Դեռ ինձ որեւէ մեկը չի զանգել, որ ես որեւէ բան իրականացնեմ, չեմ կարող ասել՝ կա՞, թե՞ ոչ, բայց ժամանակին դա եղել է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ