Ապարանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների, կրակոցների միջադեպին զոհվածների հարազատները, դեպքին ներկա եղած մարդիկ պնդում են, որ մասնակցել է ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը՝ «Գռզո» մականունով:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ զերծ կմնա տվյալ դեպքի մանրամասներին անդրադառնալուց, այդ ամբողջը կթողնի քննիչներին, բայց իր տեսակետը հայտնել է գրառմամբ. «Կրքերը բորբոքված են, Ապարանը բոլորիս համար եղել է մի մեծ տուն ու բոլորս այդ տան անդամներն են ու այն մարդը, ով գնացել է այդ քայլին, համոզված եմ, որ ինքն էլ չէր ցանկանա դա անի: Երկրագնդի վրա չգիտեմ մի մարդ, ով կարդարացնի այդ արարքը»:
Հարցին՝ ձեր եղբայրը հրավիրվե՞լ է իրավապահ մարմինների կողմից՝ նա պատասխանեց, որ դեռեւս ոչ. «Վստահ եմ, որ անպայման կանչելու են: Բազմաթիվ մարդկանց հարցաքննել ու հարցաքննելու են»:
Դիտարկմանը, որ իրավապահներ ամեն ինչ անում են, որ գործից ՔՊ-ականների հարազատներին մաքրեն ու ջրից չոր դուրս բերեն՝ Մաթեւոս Ասատրյանը պատասխանեց. «Ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, ինքս ինչով կարողանալու եմ՝ օգնելու եմ: Ինձ համար եւս շատ ցավալի է այս կորուստը, այն էլ այն դեպքում, երբ ես իմ տանը նստած՝ ինձ լկտիաբար քաշում են նմանատիպ հարցերի մեջ: Սկզբնական փուլում ինձ էին քաշում, դա սարքեցին քաղաքական հարց, որից հետո արդեն փորձեցին մեկ այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կարո՞ղ եք հերքել կամ հաստատել, որ այդ միջադեպին որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ականի ազգական մասնակից չի եղել՝ Ասատրյանը պատասխանեց, որ ՔՊ-ական չի եղել, իսկ ազգականի հետ կապված այնտեղ եղել են հարյուրից ավելի մարդիկ ու ով ինչ առնչություն է ունեցել միջադեպին, թող քննիչները պարզեն. «Ես շարունակում եմ պնդել, որ ոչ ես, ոչ իմ հարազատներից ինչ-որ մեկը կապ ունեն տվյալ դեպքի, թե նախորդող, թե հաջորդող հարցերի հետ»:
Երբ լրագրողները հիշեցրին, որ տաքսու վարորդը պատմում էր, որ իրեն ծեծել են գազալցակայանում ու իր եղբայրը եղել է այնտեղ՝ նա պատասխանեց. «Այո, իմ եղբայրը եղել է, դա գազալցակայան է, մեզանից բոլորը կարող են լինել այնտեղ: Տեսագրությունը կա, քննչական մարմինը հարկ համարի, կհրապարակի ու դուք բոլորդ կտեսնեք՝ ծեծկռտուք այնտեղ չի եղել, առավել եւս՝ իմ եղբոր մասնակցությամբ… Ես անպատեհ եմ համարում հիմա մահացածների հարազատներին շահագրգռել խոսել, նրանցից խոսքեր հանել ու դա հրապարակել, կամ ինչ-որ ձեւով մարդկանց քաշել այս պրոցեսի մեջ»:
Հարցին, որ կա տեսակետ, որ կրակոցները սկսել են հենց այն պատճառով, որ Ապարանում ընտրությունների արդյունքները չեն մարսել՝ Մաթեւոս Ասատրյանը պատասխանեց. «Ես դա համարում եմ անբարոյականություն՝ խոսել մի բանի մասին, ինչը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ինչը ինչից է ծագել ու ինչի է բերել, թող քննչական մարմինները պարզեն, իսկ քաղաքական պրոցեսներ դնել դրա տակը առնվազն անբարոյականություն է»:
Նա նաեւ ասաց, որ Ռոման Փարվանյանին ճանաչում է անձամբ, շատ ծանրակշիռ անձնավորություն է, մինչդեռ զոհված Համիկ Միքայելյանի հարազատները պնդում էին, որ նա մշտապես Ապարանում նման միջադեպեր է հրահրել ու իրեն «հարց լուծողի» տեղ է դրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ