Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Առաջադրվել են 3 թեկնածուներ՝ Հրաչ Այվազյան, Արտակ Զեյնալյան, Լիանա Հակոբյան, պետք է ընտրեն մեկին:
Թեկնածու առաջադրված Լիանա Հակոբյանն ասաց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու միջոցներ պետք է փնտրել ոչ թե դատավորների այն թվաքանակի մեջ, որն այսօր կա, այլ փորձել թվաքանակն ընդլայնել:
Ելույթում ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ երբեք Վճռաբեկ դատարանը այսքան դատավորներով չի ընդլայնվել: Այս ընդլայնումը պայմանավորված է մի շարք հարցերով՝ դատավորների ծանրաբեռնվածություն, գործերի քննարկման ժամկետների կրճատում: Նա ասաց, որ դատավորի թեկնածու առաջադրված բոլորին ճանաչում է ու դրական է գնահատում թե՛ մարդկային, բարոյական, թե՛ մասնագիտական որակների առումով. «Բոլորը խոսում են նրա մասին, որ դատավորների թիվը շատ քիչ է: Ես երեւի թե դատավորների թվակազմի ընդլայնման առումով ամենաշատ խոսած պատգամավորն եմ, բայց միայն դատավորների քանակի ընդլայնմամբ խնդիրը չի լուծվում: Անհրաժեշտ է նաեւ, որ դատավորը արդյունավետ օգտագործի իր ժամանակը եւ ամենակարեւորը՝ դատավորը իրավունք չունի կներեք, քնեցնի գործերը: Ցավոք, այդ թվում նաեւ Վճռաբեկ դատարանում ունենք դեպքեր, երբ 3-4 տարի գործը մնում է»:
Նա ասաց, որ դատավորի թեկնածու առաջադրված բոլոր թեկնածուները արժանի են կրելու Վճռաբեկ դատարանի դատավորի բարձր կոչումը ու որեւէ թեկնածուի կողմ չի արտահայտվելու: Պատգամավորները Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն փակ, գաղտնի քվեարկությամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ