Այսօր ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին ներկայացնելիս տարեթվերով նշեց, թե նա որ ՀԿ-ներում է աշխատել, հասարակական խորհրդի անդամ եղել, 2009-ից մինչեւ 2012-ը եղել է Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ում փորձագետ, ՀՀ փաստաբանական պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրության հարցերի հանձնաժողովի նախագահ, Փաստաբանների դպրոցում դասավանդող, «Իրավունքի գերակայություն» ՀԿ հիմնադիր նախագահ, աշխատել է «Արդարության խումբ» նախաձեռնության փորձագետ, անհատ ձեռնարկատեր, իրավաբան է աշխատում: Գրեթե ամեն ինչի մասին խոսք կար, բացի նրա պատգամավորական ու կառավարության անդամի գործունեության:
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ Արտակ Զեյնալյանը եղել է ոչ շարքային պատգամավոր, ամենաակտիվ պատգամավորն է եղել, ինչո՞ւ դրա մասին չնշվեց, բացի այդ, չնշվեց նաեւ իր՝ նախարար աշխատելու փաստը: Դավիթ Խաչատրյանը դիտողությունն ընդունեց ու ասաց, որ դրանք երեւի տեխնիկական խնդիրների պատճառով տեղեկանքը կազմելու ընթացքում տեղ չեն գտել:
Արտակ Զեյնալյանն էլ ի թիվս կենսագրական կարեւոր դետալների՝ հավելեց նաեւ այն, որ «Նոյյան տապանի» եւ «Ա1+»-ի շահերն է պաշտպանել, մի շարք պատգամավորների իրավունքներն է պաշտպանել, օրենսդրական կարեւոր փոփոխություններ կատարել, որոնք ինստիտուտներ են ստեղծել, ՍԴ ուղղված 80 դիմումների հեղինակ է:
Արտակ Զեյնալյանը շրջադարձային որակեց այն, որ Վճռաբեկ դատարանում Վարչական պալատ է ստեղծվում: Դատարանների բեռնաթափման հետ կապված նա ասաց, որ իրավական պետությունում ժողովրդավարական հասարակարգում 100 հազար բնակչի հաշվարկով անհրաժեշտ է 21 դատավոր, Հայաստանում այդ թիվը այսօր մոտենում է 8-ի, ուստի որքան էլ փորձեն բեռնաթափել դատարանները, չեն կարող նվազեցնել դատական վեճերի գեներացիան, որն օբյեկտիվորեն լինում է ժողովրդավարական հասարակությունում. «Մեզ մոտ դատավորների թիվը շուրջ 3 անգամ ավելի պակաս է, քան անհրաժեշտ է ու դրանից իրավունքն է տուժում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ կարող են գործիքներ մշակել, որոնք կարագացնեն արդարադատությունը:
Զեյնալյանը նաեւ հայտարարեց. «Հարկ եմ համարում ԱԺ պատգամավորներին հայտնել, որ ես հավասարապես տեսնում եմ ինձ իրացված ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում եւ պայմանավորված իրերի այս դասավորվածությամբ, այն, որ ես նաեւ առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը՝ ես ուզում եմ իմ գործընկերներին ու իմ եղբորը՝ Նարեկին ասել, որ ազատ եք, պարտավորված չեք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է՝ նկատի ունենալով, որ ես ինձ ավելի շատ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ