«SADA Cup» միջազգային մրցաշարը մեր թիմի իրական հնարավորությունները գնահատելու իրական հնարավորություն էր Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ»,-վերջին տուրում Սիրայի հավաքականին 57:59 հաշվով պարտվելուց եւ մրցաշարում ոչ պաշտոնական երկրորդ տեղը գրավելուց հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը: Նա մեր բասկետբոլիստներին գնահատեց որպես աշխատասեր պրոֆեսիոնալներ եւ վստահեցրեց, որ Մալթա մեկնում են հաղթելու համար:
Հայաստանի ազգային հավաքականի և մրցաշարի գլխավոր հովանավոր SADA ընկերության Մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մրցաշարը հաջողվեց: Ցավոք, վերջին խաղում մեր հավաքականը պատահականորեն պարտվեց, սակայն սա սպորտ է ու սպորտը նաեւ անակնկալներով է գեղեցիկ: Բայց, միեւնույն է, մենք կարծում ենք, որ շահեցինք, որ շահեց բասկետբոլը Հայաստանում: Հիմա պատրաստվում ենք ավելի մեծ ճակատամարտի Մալթայում: Այս մրցաշարը շատ լավ փորձություն էր տղաների համար: Նրանք խաղացին շատ լավ թիմերի հետ, ինչը մրցափորձ ձեռք բերելու շատ լավ հնարավորություն էր եւ մենք շատ հպարտ ենք մեր հավաքականով»:
Տիկին Գալստյանին շատ է ոգեւորել, որ տրիբունաներում գերակշռում էին բասկետբոլի պատանի եւ երիտասարդ երկրպագուները, ինչը վստահություն է ներշնչում, որ այս գեղեցիկ մարզաձեւը Հայաստանում զարգանալու լավ հեռանկարներ ունի:
Կարդացեք նաև
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը մեր հետ զրույցում ասաց, որ SADA Cup-ը փոքր երկրների առաջնությանը նախապատրաստվելու կարեւոր փուլ էր եւ լիարժեքորեն ծառայեց նպատակին: Նա նաեւ ընդգծեց, որ հետաքրքրությունը բավականին մեծ էր մրցաշարի եւ մեր հավաքականի խաղամակարդակի նկատմամբ եւ հույս հայտնեց, որ այս մրցաշարը կլինի ավանդական:
SADA Cup միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Իրանի թիմը:
Մրցաշարի լավագույն խաղարկող ճանաչվեց Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Թադեւոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ