Հայ-Ռուսական համալսարանում մեկնարկել է «Միջազգային անվտանգություն և հակամարտությունների կարգավորում» թեմայով եռօրյա սեմինար-աշխատաժողովը, որը կազմակերպվել է աշխարհի լավագույն բուհերի տասնյակում ներառված Թել Ավիվի համալսարանի (Իսրայել) հետ համատեղ։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և Թել Ավիվի համալսարանի ներկայացուցիչ, Հակամարտությունների կարգավորման և միջնորդության միջազգային ծրագրի ակադեմիական ղեկավար Նիմրոդ Ռոսլերը։
Սեմինար-աշխատաժողովին, որին մասնակցում են 16 մագիստրանտներ և ասպիրանտներ երկու համալսարաններից, քննարկվելու են Հայաստանի Հանրապետությունում և Իսրայելում պետականաշինության ու բանակաշինության գործընթացները, սփյուռքի հետ հարաբերությունները, ինչպես նաև ԼՂ և պաղեստինա-իսրայելական հակամարտությունները ու կարգավորման հնարավոր տարբերակները գործող աշխարհակարգի վերափոխման պայմաններում։
Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա հունվարին Հայ-Ռուսական համալսարանը և Թել Ավիվի համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն` երկու համալսարանները համագործակցելու են մի շարք ուղղություններով, որոնցից են կրթաթոշակային համատեղ ծրագրերի իրականացումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը, մշակութային և գեղարվեստական միջոցառումների ոլորտում փոխանակման հնարավորությունը, համատեղ հետազոտությունների իրականացումը և համատեղ ակադեմիական միջոցառումների անցկացումը:
Կարդացեք նաև
ՀՌՀ մամուլի ծառայություն