«Քաղաքական ակտիվ կամ խորհրդարանական գործիչների եւ նրանց շրջանակների կողմից եւս աջակցություն չեմ նկատել կամ գործնական քայլեր այս ուղղությամբ, խոսակցություններ՝ եւս։ Միգուցե գիտեն բաներ, որոնց տեղյակ չենք, չեմ կարող պնդել»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
– Որ Բերձորը՝ Արցախն ու Հայաստանը կապող միջանցքով եւ հարակից հայկական բնակավայրերը, ինչ-որ մի պահի անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, որ կառուցվող նոր ճանապարհը լինելու է Ադրբեջանի տարածքում, ակնհայտ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքած եռակողմ հայտարարությամբ, սակայն այդ վտանգների մասին ահազանգերը սկսեցին հնչել վերջին մեկ ամսվա ընթացքում. ի՞նչ բացատրություն ունեք սրան, ինչո՞ւ վտանգն այսքան ուշ մեզ իրական թվաց:
– Պիտի ցավով արձանագրեմ, որ մեր ժողովրդի հիշողությունը չափազանց կարճ է կամ հավանաբար այնքան անուշադիր ենք եղել, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից մեր աչքից վրիպել է Բերձորի (Լաչինի) շրջանի մասին ամրագրված 6-րդ կետը, ըստ որի՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը շրջանը պիտի իբրեւ թե Ադրբեջանին վերադարձվեր։ Այս անուշադրությունը կամ անտարբերությունն իր հերթին իշխանության կողմից հանրությանը տարբեր անկարեւոր, տասներորդական թեմաներով օրհասական խնդիրներից շեղելու արդյունքում է ստացվում։ Մեր ժողովուրդը սովորել է պարզապես աչքերը փակ ապրել ու հետաքրքրվել միայն սոցիալական խնդիրներով. մինչեւ դանակը ոսկրերին չի հասնում, մենք չենք շարժվում տեղից։ Այս պարագայում էլ, հետաքրքրությունը Բերձորի հանձնման շուրջ սկսվում եւ ավարտվում է միայն սոցիալական ցանցերում բուռն քննարկումներով, որոնք վերածվում են «համացանցային կատաղի մարտերի», սակայն երբ բանը հասնում է իրական քայլեր ձեռնարկելուն, բոլորն ունեն իրենց կրիտիկական իրավիճակային պատճառաբանությունները։ Չեմ մեղադրում, պարզապես արձանագրում եմ փաստն ու առաջ անցնում։ Վտանգն ավելի քան իրական է, մոտալուտ է եւ անբեկանելի՝ մինչեւ այն պահը, քանի մենք չենք սթափվել ու գիտակցել, որ Բերձորն Արցախում է պետք փրկել, ոչ թե Երեւանի կենտրոնում, չեմ խոսում մարզերի մասին, քանի որ, ցավոք սրտի, մայր Հայաստանն անտարբեր է դարձել սեփական զավակ Արցախի հանդեպ։
– Որոշակի հասարակական, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ, որոնց մեջ եք նաեւ դուք, այս ընթացքում կոչեր հնչեցրեցին՝ վերաբնակեցնելով պահել այդ հայկական տարածքները: Կխնդրեի, գործողությունների ընթացքը հանրայնացնելու հնարավորությունների շրջանակում մանրամասնեք՝ ի՞նչ արձագանքներ կան, ի՞նչ ընթացքում են աշխատանքները: Կա՞ն քաղաքական շրջանակներ, որոնք աջակցում են այդ նախաձեռնություններին, քանի որ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները եւս այդ թեմայով շատ չեն խոսում:
– Հանրային արձագանքն այն թափով չէր, ցավոք, որքանով որ ենթադրում էի, որ պիտի լիներ, սակայն սա իր օբյեկտիվ պատճառներն էլ ունի. մեկը հանրային լայն իրազեկում չապահովելն էր, գուցե թե՝ լրատվամիջոցների կողմից այս հարցում աջակցություն չունեցանք կամ հետաքրքրություն չեղավ, գուցե՝ խելահեղ ու անիրատեսական գաղափար կարող էր թվալ առաջին հայացքից. մարդիկ ասում են՝ միեւնույն է՝ հանձնված է, էլ ո՞ւր եք գնում ապրելու։
Պիտի խոսեմ միայն իմ եւ գուցե թե եւս մեկ-երկու հասարակական գործչի անունից, ովքեր նման նախաձեռնությամբ են հանդես եկել, իսկ մնացածի մասին տեղեկություններ չունեմ։ Ինքս կոչից հետո ստացել եմ տասնյակ նամակներ քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, կամովին գնալ եւ որոշ ժամանակ հերթափոխով բնակվել Բերձորում, որն այս պահին իրապես դրա կարիքն ունի։ Քաղաքական ակտիվ կամ խորհրդարանական գործիչների եւ նրանց շրջանակների կողմից եւս աջակցություն չեմ նկատել կամ գործնական քայլեր այս ուղղությամբ, խոսակցություններ՝ եւս։ Միգուցե գիտեն բաներ, որոնց տեղյակ չենք, չեմ կարող պնդել։ Բայց այն, որ հայրենի հողը հնարավոր է ու պետք է պահել՝ ապրելով այնտեղ ու ապրեցնելով այն, սա դարավոր փաստ է, անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական ի՞նչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի՞ դավադիր եւ ոչ իրավական փաստաթղթեր են ստորագրվել եւ դեռ ստորագրվելու՝ արկածախնդիր իշխանության կողմից։ Պիտի հստակ գիտակցենք, որ հերթով լքելով մեր հայրենիքի տարածքները՝ վաղը շրջափակված ենք մնալու Երեւանում, եւ սա միանգամայն հավանական կանխատեսում է։ Չկա բնակիչ, չկա նաեւ հող։
Կարդացեք նաև
– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ տարածքներում վերաբնակեցումը՝ անվտանգային երաշխիքների իսպառ բացակայության պայմաններում: Ինքս առիթ ունեցել եմ Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչներից հետաքրքրվելու՝ 44-օրյա պատերազմից հետո ինչո՞ւ չեն վերաբնակեցվում հայկական այդ տարածքները, հրապարակային պատասխաններից նրանք խուսափել են, իսկ մասնավոր զրույցներում շեշտադրել են անվտանգության խնդիրները, որոնք երաշխավորված չեն:
– Անվտանգության խնդիր միշտ կա, եւ կասեի, որ հիմա ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի մի շարք տարածքներում արդեն։ Եվ ի՞նչ, պիտի ձե՞ռք քաշենք եւ հանգիստ սպասենք, թե ե՞րբ են վերջին հողակտորը տանելու մեր ձեռքից։ Պատմությունը, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա, կրկնվում է։ Ինչպես հարյուր տարի առաջ են շատ հայ պաշտոնյաներ գլխիկոր վիճակում կողմնակի անձի պես դիտել, թե ինչպես են մեր փոխարեն ուժեղ պետությունները որոշումներ կայացնում, այնպես էլ հիմա է։ Մենք իրավունք չունենք թույլ տալու նման սցենարների կրկնություն։ Անվտանգության երաշխիքը մենք ինքներս ենք ստեղծում՝ գնալով ու վերաբնակեցնելով քաղաքը։ Ոչ ոք մեր փոխարեն մեզ անվտանգությունը չի ապահովելու, իսկ թշնամին անզոր է հազարավոր խաղաղ բնակիչների դեմ, սրանում վստահ եմ։ Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, իհարկե, պատասխաններ չունեն։ Ի՞նչ պետք է ասեն, որ անիմա՞ստ է վերաբնակեցնել մի բան, որ արդեն թղթով ամրագրված տվել են թշնամո՞ւն։
– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, Հայաստան, ապա Ադրբեջան, արված հայտարարությունները, ի՞նչ պատկեր են ուրվագծում:
– Ռուսաստանի գլխավոր դիվանագետի այցը տարածաշրջանի երեք երկրներ վկայում է այս պետություններում ՌԴ դիվանագիտական հարաբերությունների ակտուալությունն ու «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան» հարաբերությունների կարգավորման գործընթացում ակտիվ մասնակցությունը մշտապես կիզակետում պահելու մասին։ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ Լավրովը կրկին նշել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ձեւավորված եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հաջողությունների մասին՝ ամրագրելով ՌԴ խորհրդատվական առաջարկներ տալու՝ այդ երկրի պատրաստակամության մասին, որոնք, փաստորեն, ըստ Լավրովի խոսքի՝ հիմնականում վերաբերելու են ավտոմոբիլային տեղաշարժի խնդիրների լուծմանը։ Սրանով մենք կարող ենք հասկանալ, որ հայկական կողմի հետ ՌԴ գլխավոր դիվանագետի կողմից հարցերի քննարկման մասին ակնարկները վերաբերելի են Բերձոր քաղաքի եւ միջանցքի հնարավոր հանձնմանը, նոր կառուցվող ճանապարհի շահագործման արդյունքում հնարավոր առաջանալիք խնդիրներին եւս։ Դրական շեշտադրումն այստեղ, թերեւս, այն է, որ ամեն դեպքում քննարկումներ են ընթանում հայկական կողմի հետ եւս, անկախ նրանից՝ արդյո՞ք քննարկվող հարցերը եռակողմ համաձայնեցման կարիք կունեն, թե՝ ոչ։ Սակայն այստեղ ինձ համար կարեւորագույն իրողությունն այն է, թե համաձայնեցման ենթակա ի՞նչ հարցեր են դրանք, եւ արդյոք առնչվում են Բերձորի շրջանին ու Աղավնոյին. չասեմ, թե կասկածում եմ, որ իշխանությունն այս հարցերով հայկական օրակարգ առաջ քաշելու ունակություն կամ համարձակություն առհասարակ ունի։
– Հայտարարություններ հնչեցին, որ հայաստանյան ընդդիմության մոտ երկու ամիս տեւած պայքարի արդյունքում հաջողվեց հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» փաստաթղթի ստորագրումն իշխանության կողմից, սակայն, ընդդիմությանը դեռ չի հաջողվել իր, այսպես ասած՝ մաքսիմում ծրագիրը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իրականացնել. ի՞նչ տպավորություններ ունեք ընդդիմության երկամսյա ակտիվ պայքարից, դրա արդյունքներից, նաեւ ընդդիմադիրների ճանապարհների բաժանումից, որն ակնառու է դառնում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության առանձնանալով:
– Ընդդիմության այսօրվա «հաջողության» սցենարը միանգամայն կանխատեսելի էր. քանիցս խոսվել է, որ գործողությունների անհեռանկարային ու թույլ մարտավարական քայլերով առավելագույն արդյունքներ հնարավոր չէ ամրագրել, եւ կրկին, ցավոք, այս հանգամանքը կդառնա շահարկման ամուր խաղաքարտ իշխանության ձեռքին, եթե ընդդիմությունը վերջնականապես կոտրի պայքարի ոգին։ Պիտի ասեմ նաեւ, որ երկամսյա պայքարը շատ մեծ կրեդիտ էր տվել ընդդիմությանը՝ ավելի գործնական քայլերով հասնելու իր մաքսիմում պլանի մասով։ Հարց է, թե հաջորդ փուլում ինչպիսի՞ կոնսոլիդացիայի պատրաստ կլինեն, եւ որ ամենակարեւորն է՝ ո՞ր ընդդիմությունը, խորհրդարանակա՞ն, թե՞ խորհրդարանից դուրս գտնվող։ Կարծում եմ, որ պայքարի կիզակետում նման բաժանումն ուղղակի անթույլատրելի, անպատասխանատու մոտեցում էր. քաղաքացիներին փողոց դուրս բերելով՝ հաջողության հույս էր ներշնչվել. մարդիկ երկու ամիս շարունակ ամեն բան թողած՝ հաջողության իրական հնարավորություն էին տեսնում պայքարում, որը, փաստորեն, փակուղու առաջ կանգնեց։ Իսկ ասել, թե պայքարի արդյունքում հաջողվել է հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» փաստաթղթի ստորագրումը, ինքնախաբեության պես մի բան է։ Եթե ընդդիմադիր խմբակցություններն այնպիսի տեղեկատվության են տիրապետում, որի մասին չգիտենք, գուցե թե պետք է փաստերով այս մասին խոսել, այլ ոչ բարձրաձայնել ասեկոսեների մակարդակում։
Այդուհանդերձ, այս պահին համազգային մեծ կոնսոլիդացիա իրականացնելու իրական հնարավորություն եմ տեսնում, եւ այդ ներուժը, բնականաբար, կա։ Իսկ թե ո՞վ կկարողանա սա անել, կարծում եմ՝ ժամանակի հարց է։ Պարզապես, պետք է գիտակցաբար գնահատենք, որ ամեն րոպեն թանկ է նստում հայկական մեր երկու պետությունների վրա։ Խելամիտ կլինի, եթե կորսվող այդ րոպեները գոնե արդյունավետ ու գործնական լինեն։
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.06.2022