Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի եւ ՀՀ Սահմանադրության կապը

Հունիս 27,2022 13:30

Ձեզ ենք ներկայացնում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի՝ օրերս լույս տեսած «Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները» գրքույկից «Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի սահմանադրականացումը» հատվածը:

ՀՀ Սահմանադրության նախաբանը սկսվում է Անկախության հռչակագրի վկայակոչմամբ, որի հիման վրա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Անկախության հռչակագրում առկա դրույթին տրվում է սահմանադրական նորմի կամ արժեքի նշանակություն։ Նախորդ բաժիններում ներկայացվեցին Անկախության հռչակագրի նախասահմանադրական եւ վերնորմատիվային բնույթի մասին դատողությունները, որոնք ինքնին չեն բացառում Անկախության հռչակագրի դրույթների սահմանադրականացումը՝ նյութական իմաստով Սահմանադրության մաս դիտելը կամ որպես սահմանադրական արժեք ճանաչելը։ Անկախության հռչակագիրը թեեւ ինքնավար փաստաթուղթ է, սակայն դրա սահմանադրականացումը հնարավորություն է տալիս, որպեսզի պատմական զարգացման այս փուլում, ՀՀ սահմանադրական դատարանն Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության հետ միասին ճանաչի որպես նորմատիվ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, հանրային իշխանության մարմինների փաստացի վարքագծի պետականապահպանության (սահմանադրականության) որոշման չափանիշ։

Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի սահմանադրականացման եղանակները։ Անկախության հռչակագրի դրույթները, այդ թվում՝ 11-րդ կետը, սահմանադրականացվել են մի քանի եղանակով (կամ փուլերով). 1) դոկտրինալ սահմանադրականացում. 2) Անկախության հռչակագրի սահմանադրականացումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից. 3) Անկախության հռչակագրի 11-րդ կետի սահմանադրականացումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից։ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի սահմանադրականացումը դոկտրինում։ Սահմանադրական իրավունքի դոկտրինում տարածված է այն մոտեցումը, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վկայակոչման ուժով այն հավասարեցվում է Սահմանադրությանը կամ ձեռք է բերում սահմանադրական արժեք: Այսպես՝ 1995թ. Սահմանադրության նախագծի հիմնական հեղինակ Վ. Նազարյանը նշում է. «1995թ. ՀՀ Սահմանադրության ներածությունը, վկայակոչելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, դրանով իսկ Հանրապետության Հիմնական օրենքի մակարդակի է բարձրացնում այդ հռչակագրում ամրագրված դրույթները, այդ թվում՝ հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման, դատապարտման եւ դրա հետեւանքների վերացման պահանջը»:

Նախ՝ Անկախության հռչակագրի դրույթները ֆորմալ իմաստով Սահմանադրության պոզիտիվ իրավական նորմեր չեն, սակայն Վ. Նազարյանը դրանք համարել է (հավասարեցրել է) սահմանադրական նորմերին (իրավական ֆիկցիա):

Երկրորդ՝ նկատենք, որ հեղինակն իր մեկնաբանություններում Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներից եւ համազգային նպատակներից հատուկ առանձնացրել է ցեղասպանության մասին դրույթը։ Նման հատուկ ընդգծումից ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Սահմանադրության նախագծման ժամանակ դրա նախաբանում Անկախության հռչակագրի վկայակոչման առաջնային նպատակը եղել է հատկապես ցեղասպանության ճանաչման մասին պահանջի սահմանադրականացումը։

Երրորդ՝ Անկախության հռչակագրում խոսվում է միայն ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, մինչդեռ Վ. Նազարյանն ավելացրել է նաեւ ցեղասպանության դատապարտման եւ հետեւանքների վերացման մասին։ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ պատժման մասին ձեւակերպումներ առկա էր Անկախության հռչակագրի 11-րդ կետի նախնական տարբերակում։ Գերմանիայում 1996թ. հունիսի 21-23-ը տեղի ունեցած Անդրկովկասում բարեփոխումների գործընթացին եւ քաղաքական մշակույթին նվիրված գիտաժողովում պրոֆեսոր Օթթո Լուքսթերհանդթը, մանրամասն կանգ առնելով ՀՀ Սահմանադրության մեջ ազգային խնդիրների արտացոլման շուրջ բանավեճին, շեշտեց, որ այստեղ հայկական սահմանադիրը գտել է հաջող իրավական լուծում։ ՀՀ Սահմանադրության ներածության մեջ վկայակոչելով 1990թ. օգոստոսի 23-ի «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» կարեւորագույն փաստաթուղթը՝ սահմանադրական մակարդակի են բարձրացվել այդ պատմական ակտում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Առանձին պատմաբաններ քննադատում են ՀՀ Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի կապի վերաբերյալ սահմանադրագետների մոտեցումները։

Այսպես՝ Է. Պողոսյանը նշում է. «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը եւ ՀՀ հիմնական օրենքը հասարակական կյանքի կարգավորման առումով ֆունկցիոնալ տարբեր նշանակության պետաիրավական փաստաթղթեր են: Հռչակագիրն անկախացման գործընթացի իրավաբանական հիմնավորումն է եւ ուղեցույց է հայ հասարակության համար ողջ անցման շրջանում, իսկ հռչակագրի ընդունումից հետո արդեն կես տասնամյակ անց ընդունված Սահմանադրությունը՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ իրավական առկա իրավիճակի ամրագրումը: Միաժամանակ անժխտելի է նաեւ ներքին կապն այս երկու բախտորոշ փաստաթղթերի միջեւ, սակայն այդ կապը շատ ընդհանուր է եւ դրսեւորվում է նրանում, որ Անկախության հռչակագրի առավել մնայուն, հիմնարար, այլ ոչ թե պատմական կոնկրետ իրավիճակից բխող հիմնադրույթների ոգին է ընկած ՀՀ Սահմանադրության հիմքում»: Անկախության հռչակագիրը եւ ՀՀ Սահմանադրությունը հավասարեցնելու վերաբերյալ սահմանադրագետների մոտեցումները նշված հեղինակը որակում է՝ «հուզական», «ոչ գիտական» եւ «Հայաստանի համար ոչ շահեկան»: Անկախության հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության միջեւ իրավական կապի խզվածության մասին պատմաբանի դատողությունները պայմանավորված են իբրեւ Թուրքիայի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության ջրաղացին ջուր չլցնելու հանգամանքով։ Ըստ հեղինակի՝ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականությունը միջազգային ասպարեզում արդարացնելու նպատակով թուրքական կողմն Անկախության հռչակագիրը եւ Սահմանադրությունը նույնացնում էր եւ դրանով իսկ պնդում, որ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցադրումն ընկած է ՀՀ Սահմանադրության հիմքում, ուստի այն սահմանադրական իրողություն է:

Անկախության հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության փոխհարաբերակցության մասին Է. Պողոսյանի գնահատականների հիմքում ընկած են հարցի իրավաքաղաքական կողմի մակերեսային եւ անհեռատես դիտարկումները: Նախ՝ այս մենագրությունը թեեւ վերաբերում է 1990-2001 թվականներին, սակայն հեղինակը նման գնահատականներ տալիս անտեսել է ՀՀ սահմանադրական դատարանի 12.01.2010թ. ՍԴՈ-850 որոշումը, որով Անկախության հռչակագրի 11-րդ կետն արդեն պաշտոնապես սահմանադրականացվել էր: Բացի այդ, առնվազն միամտություն է կարծել, թե Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն Թուրքիային խոչընդոտում էր Անկախության հռչակագրի 11-րդ հոդվածը որպես սահմանադրական իրողություն գնահատելու հանգամանքը:

Բավական է նշել, որ 2020թ. Հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Թուրքիայի նախագահը նշեց. «Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք»: Այս հայտարարությունն անելիս Անկախության հռչակագրի 11-րդ կետը գործում էր, եւ այդ հանգամանքը Թուրքիայի նախագահին որեւէ կերպ Անկախության հռչակագրի սահմանադրականացումն ընթացավ ոչ միայն դոկտրինալ ճանապարհով, այլեւ ՀՀ բարձր դատարանները (ՀՀ վճռաբեկ դատարանը եւ ՀՀ սահմանադրական դատարանը) իրենց հերթին ձեւավորեցին Անկախության հռչակագրի սահմանադրականացման դատական քաղաքականություն:

«Առավոտ» օրաթերթ
25.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930