Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ տեղի-անտեղի շեփորահարել, թե Հայաստանում մշակութային կյանքը կենտրոնացած է Երեւանում

Հունիս 27,2022 12:30

Մշակույթի մայրաքաղաք Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ հաջորդ օրը տեղի տեխնոլոգիական կենտրոնում ֆիլհարմոնիկի երաժիշտներից կազմված կամերային անսամբլի՝ Tete-a՝-tete նախագծի (հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան, ղեկավար՝ Անահիտ Բարխուդարյան) շրջանակում կայացած համերգներից հետո, ինչպես միշտ, հատկապես հումորով հայտնի գյումրեցիները իրենց բարձրության վրա էին։ Վերջիններիս խոսքերով՝ ֆիլհարմոնիկը «գեներալնի» փորձերն անցկացրել է Երեւանում, իսկ «պաշտոնական» համերգները՝ Գյումրիում։ Նկատի ունեին մինչ Գյումրի մեկնելը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկի՝ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ումջյանի ղեկավարությամբ եւ ամերիկացի ջութակահար Ռոբերտ Մքդաֆիի մասնակցությամբ ու նշյալ նախագծի համերգները։ Ընդ որում, Գյումրիում եւ Երեւանում համերգները անցկացվել են նույն ծրագրով՝ Դվորժակ՝ սիմֆոնիա թիվ 9, Բրամսի Ջութակի կոնցերտ, Բախի թիվ 3 կոնցերտ՝ լարային նվագախմբի փոքր կազմի համար, Վիվալդիի հազվադեպ հնչող երկու Տրիո սոնատներ։ Իհարկե, ֆիլհարմոնիկ նվագախումբը միակ պետական կոլեկտիվը չէ, որ, ինչպես ասում են՝ իր ուշադրության կենտրոնում է պահում մարզային ելույթները, բայց տասնամյակներ շարունակ կարծրացած խոսակցությունները, թե հայաստանյան մշակութային կյանքը կենտրոնացած է Երեւանում, մինչ օրս էլ չեն դադարում։ Այդ առիթով մենք ի մի բերեցինք վերջին մեկ-երկու ամիսների փաստերը։ Արձանագրեցինք, որ մեկ-երկու բացառությամբ հայաստանյան մշակութային պետական կոլեկտիվները (երգչախմբեր, պարային անսամբլներ եւ այլն) ունեցել են մարզային այցեր, ինչպես նաեւ ելույթներով հանդես են եկել մարզային պետական երաժշտական կոլեկտիվներն ու թատրոնները։

Կոնկրետ Գյումրիում, նշվածից բացի, Երեւանի օպերային թատրոնը ներկայացրել է Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետը, ելույթ են ունեցել տեղի ժողգործիքների, պետական սիմֆոնիկ, «Անի» փողային նվագախմբերը։ Եթե ասվածին հավելենք Գյումրիի Շիրազի, Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններում իրականացված տարբեր միջոցառումներն ու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում ցուցադրությունները, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները, կստացվի, որ գյումրեցի արվեստասերները դժգոհելու առիթ չունեն։


Նույնը՝ որոշ վերապահումով, կարելի է ասել մյուս մարզերի մասին։ Օրինակ, մայիսին «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում իսկապես տոնական տրամադրություն էր Լոռի-Փամբակի երկրագիտական, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի, Ստեփան Զորյանի տուն-թանգարաններում։ Կապանի մշակույթի տանն էլ անցկացվել է հայ ազգային, ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին նվիրված ներկայանալի միջոցառում՝ Սյունիքի մարզի համայնքների պարային խմբերի ու անհատ կատարողների մասնակցությամբ։ Իսկ Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված «Գույն եւ երաժշտություն» լուսաձայնային ինստալյացիա-ցուցադրությունը, որի ընթացքում տաճարի ճակատային սյուներին ներկայացվեցին Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք բարձրարժեք ստեղծագործությունների թվային պատկերներ, հաճելի անակնկալ էին նաեւ հայաստանցի զբոսաշրջիկների համար։ Սա, իհարկե, Հայաստանի մարզերի մշակութային կյանքի ոչ ամբողջական պատկերն է։


Ի դեպ, մեր զրուցակից արվեստագետները օրինակ բերելով Ռուսաստանը, հավաստում են, որ, թեեւ այնտեղ մարզերում մշակութային կյանքն աշխույժ է, միեւնույն է, այն չես համեմատի Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի հետ, եւ դա օրինաչափ է ու պետք չէ տեղի-անտեղի շեփորահարել, թե Հայաստանում մշակութային կյանքը կենտրոնացած է Երեւանում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթները՝ Գյումրիում

«Առավոտ» օրաթերթ
25.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930