Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացել են որպես փոխվարչապետի օգնական եւ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից. գործը դատարանում է

Հունիս 27,2022 13:00

Երեւանի բնակիչներ Սարգիս Կասյանը եւ Կարեն Գրիգորյանն ամբաստանյալի կարգավիճակում են. մեղադրվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ, ընդ որում՝ խոսքը հետպատերազմյան շրջանում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հանդեպ կատարվածի մասին է։ Ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում տեղադրված այս գործը՝ «Առավոտն» արձանագրեց. Սարգիս Կասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող եւ ներկայում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու համար քաղաքացիներ Անդրանիկ Կյուրեխյանին, Նելլի Թաթոսյանին, Արտակ Աբրահամյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերի հափշտակություններ կատարելու ուղղակի դիտավորություն է ունեցել։

Ըստ մեղադրանքի՝ այդ նպատակով մուծումներ կատարելու եւ այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով նա մյուս մեղադրյալի՝ Կարեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել։ Նրանք գործել են խմբի կազմում եւ գիտակցաբար՝ լրացնելով միմյանց գործողությունները, եւ պայմաններ են ստեղծել՝ մեկ միասնական նպատակի հասնելու համար։

Մասնավորապես, Սարգիս Կասյանը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից, վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի օգնականի պաշտոնում աշխատող ընկերոջ՝ Կարեն Խաչատրյան անունով ներկայացած Կարեն Գրիգորյանի միջոցով Երեւան քաղաքում բնակարանների հատկացում կատարելու իրական հնարավորություններ կան. համապատասխան վճարումներ կատարելու, այնուհետեւ իրավունք վերապահող կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ պատրաստելու եւ օգտագործելու միջոցով Կասյանն ու Գրիգորյանը նշյալ երեք քաղաքացիներից պահանջել են 6.000.000, 3.000.000, եւ 4.475.000 դրամ գումար:

Իսկ Կարեն Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես ՀՀ փոխվարչապետի օգնական Կարեն Խաչատրյան եւ նշյալ երեք անձանց վստահեցրել է, թե Երեւանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորություններ ունի։ Նա համապատասխան վճարումներ կատարելու, այնուհետեւ իրավունք վերապահող կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայական պատրաստելու եւ օգտագործելու միջոցով Կասյանի հետ այդ անձանցից պահանջել է 6.000.000, 3. 000. 000 եւ 4.475. 000 ՀՀ դրամ:
Այսպես Կասյանն ու Գրիգորյանը 2021թ. հունվարի 19-ից մինչեւ փետրվարի 2-ը Անդրանիկ Կյուրեխյանից եւ Նելլի Թաթոսյանից մաս-մաս ստացել եւ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 3.800.000 եւ 3.000.000 ՀՀ դրամ գումար։ Իսկ ահա Արտակ Աբրահամյանից 4.475.000 ՀՀ դրամի հափշտակությունը ավարտին չի հասցվել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով. Արտակ Աբրահամյանի վստահությունը ձեռք չի բերվել, գումարը ստանալ չի հաջողվել։

Գործը դատարան է ստացվել այս տարվա մայիսին։ Հունիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով նշանակված է եղել դատական նիստ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Գործի մասին հավելյալ տեղեկություններ առայժմ հասանելի չեն։

Հրապարակման պատրաստեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930