JAMnews. Ավարտվել է Հայաստանի քաղաքացի երեխաների՝ օտարերկրացիներին վաճառելու առթիվ քրեական գործով նախաքննությունը։ Բացահայտվել է 2015-2018թթ. ժամանակահատվածում չարաշահումներ կատարած 11 անձի, այդ թվում պետական ծառայողների մեղքը։ Խոսքը գնում է մանկատների՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վաճառքի մասին։
«Իմ երեխան իմ խաչն է»․ չվաճառված երեխայի պատմություն
«Երեխաներս են, զույգ են։ Այբբենարանի հանդեսն է»,– հեռախոսի մեջ ցույց է տալիս Լևոնը։
Քույր ու եղբայր՝ յուրաքանչյուրի ձեռքին մի մեծ ծաղկեփունջ՝ համարյա իրենց չափ, աղջիկը՝ մեծ, ճերմակ բանտերով, տղան՝ կոստյումով, որն ակնհայտորեն մեծ է իր հագով։
8 տարի առաջ, երբ ծնվեցին երկվորյակները, Լևոնի երջանկությունը սահման չուներ։ Ամբողջ գիշեր աչք չփակեց, չէր համբերում, թե երբ է տեսնելու զավակներին։ Առավոտյան, սակայն, Լևոնին ցույց տվեցին միայն դստերը․ «Մտա սենյակ, տեսա կնոջս՝ աչքերն ուռած, կարմիր։ Միանգամից հասկացա՝ ինչ–որ անդառնալի բան է եղել։ Եկավ բժիշկը ու ասաց՝ շնորհավորում եմ, առողջ աղջիկ ունեք։ Հարցրեցի՝ իսկ որդի՞ս։ Ասաց․ «Ցավում եմ, բայց երեխան կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ ունի։ Ավելի լավ է՝ հրաժարվեք նրանից»։ Կինս սկսեց հուզված գոռում էի, իսկ ես մտածեցի՝ իմ երեխան իմ խաչն է՝ առողջ, թե հիվանդ։ Ասացի՝ մենք չենք հրաժարվելու, տվեք երեխայիս, քրոջ հետ ծնվել է, քրոջ հետ էլ կապրի։ Բժիշկն ասաց՝ մինչև օրվա վերջ չի ապրի։ Ասացի՝ ինչքան կապրի, իմն է»,– պատմում է Լևոնը։
Երբ ծնողներին համոզել չստացվեց, բժիշկները բերեցին տղային։ Լևոնը հիշում է, որ հաջորդ մի քանի շաբաթը ինքն ու կինը հերթափոխով են աչք փակել, որ հսկեն որդու քունը։ Ծննդատանն այդպես էլ չէին ասել, թե ինչ խնդիրներ ունի երեխան, իսկ բժշկական թղթերի հետևից ամեն անգամ առաջարկում էին գալ մի քանի օրից։
«Շաբաթներ էր պետք, որ այդ վախը հաղթահարեինք։ Հետո նկատեցինք՝ երեխան քրոջ պես ուտում է, քնում, արթնանում, նույն ընթացքում սկսեց ժպտալ։ Հասկացանք՝ ամեն ինչ լավ է,– ասում է Լևոնն ու շարունակում,– 8 տարի է անցել, մեկ անգամ բժշկի գնալու առիթ չենք ունեցել»։
Հիմա, տարիներ անց, երբ Հայաստանում բացահայտվում են երեխաների ապօրինի որդեգրման դեպքերը, Լևոնը հասկանում է՝ եթե չլիներ իր համառությունը, իր որդին ևս այդ թվում կլիներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: