Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կիրակի, հունիսի 26-ի երեկոյան ընդունեց Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Չաարատ Կապան» ընկերության աշխատակիցներին, որոնք հունիսի 24-ից գործադուլ են հայտարարել։
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը որդուն բանակ ճանապարհելու առիթով մարզում չէր, եւ միայն կիրակի երեկոյան է հասել Կապան։ Հանքագործները նաեւ մի քանի րոպեով փակել էին Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը։
Մինչ գործադուլավորների ներկայացուցիչները հանդիպում էին Սյունիքի մարզպետին, մարզպետարանի առջեւ հավաքվել էին հանքագործները։ Սյունիքի մարզպետի մոտ կայացած հանդիպմանը աշխատակիցները ներկայացրին իրենց պահանջները՝ բարձր աշխատավարձ, անվտանգության կանոնների ապահովում, առողջապահական ապահովագրության ներդրում եւ այլն։
Կարդացեք նաև
«Լսել ենք, որ տնօրինությունը ծանուցագրեր է պատրաստում, որ մեզ աշխատանքից ազատի։ Բայց մենք առաջնորդվում ենք մեկս բոլորի, բոլորս մեկի համար»,-ասացին հանքագործները Ռոբերտ Ղուկասյանին։ Միաժամանակ նրանք շեշտեցին, որ տնօրենի հրաժարականն են պահանջում։ Անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման վերջում Ռոբերտ Ղուկասյանը փաստեց, որ ընկերության աշխատակիցների պահանջները տեղին են, ու պիտի դրանք քննարկի ընկերության ղեկավարության հետ, որից հետո կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։
Մինչ այս պահը Սյունիքի մարզպետարանում շարունակվում է Ռոբերտ Ղուկասյանի և «Չաարատ Կապան» ընկերության ղեկավարության հանդիպումը։ Հանդիպման մանրամասները այս պահին հայտնի չեն, իսկ մարզպետարանի դիմաց, չնայած ուշ ժամին, հանքագործները սպասում են։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ