Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի թանգարան՝ Փանիկում․ բնակիչները երազում են այն դարձնել գյուղի այցեքարտը (Ֆոտոշարք)

Հունիս 26,2022 23:59

Շիրակի մարզի Փանիկ գյուղն այն եզակի տեղանքներից է, որն ունի հացի թանգարան։

Այն կրում է գյուղի նվիրյալներից մեկի՝ հայոց պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանի անունը, որի շնորհիվ էլ հիմնվել է պատմահայրենագիտական թանգարանը։

1967 թվականի մարտի 15-ին  Փանիկի դպրոցի տնօրեն Միշա Ղալթախչյանի աջակցությամբ հենց  դպրոցի շենքում բացվել է  թանգարանը, որի տնօրեն նշանակվել է Պետրոս Նահապետյանը։

Ինչպես այսօր հպարտությամբ նշում է Պետրոս Նահապետյանի թոռը՝ պատմաբան Գաբրիել Նահապետյանը, բացման ժամանակաշրջանում  հացի թանգարան ամբողջ աշխարհում եղել է միայն Փանիկում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Թանգարանում ցուցադրվում են Փանիկին հատուկ հացատեսակները՝  մատնաքաշ, բոքոն, փառնիկ, թափթափա, գարուհաց, քարտիկա, կարտոլեհաց, ծակուլիկ, փառնիկ, նաև գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքները, սունդուկը, որտեղ օրեր շարունակ պահվել է հացը՝ չկորցնելով թարմությունը։ Թանգարանում ցուցադրվում են նաև փանիկցիների կենցաղավարությունը ներկայացնող շատ իրեր։

Թանգարանում պահպանվում են Ցարական Ռուսաստանի ու Հայաստանի Առաջին Հանրապետության դրամները, ինչպես նաև Մխիթարյան Միաբանության Սուրբ Ղազար կղզուց ուղարկված ձեռագիր գրքերը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, քանի որ ցորենը քիչ է եղել, հացը պատրաստվել է  գարուց, որը կոչվել է գարուհաց, ինչպես նաև կարտոֆիլից՝ կոչվելով՝ կարտոլեհաց։

Խորհրդային շրջանում, երբ արդյունաբերությունն է զարգացել, կարի գործարանի մասնաճյուղ է հիմնվել, բացի այդ գյուղի բնակչության մեծ մասն Արթիկում մեծ արդյունաբերական ձեռնարկություններում են աշխատել, փանիկցիները հաց քիչ են թխել»,-ասաց Գաբրիել Նահապետյանը։

Հիմա Փանիկում թխվում է լավաշ, բոքոն, թափթափա։

«Այս թանգարանը մինչև 1988 թվականը գործել է դպրոցի շենքում, երկրաշարժի ժամանակ, երբ դպրոցը վնասվել է, ցուցանմուշները  մի առանձին անկյուն էին տեղափոխել։ 2018 թվականին  թանգարանը վերաբացեցին, նմուշների որոշ մասը կորել է, ինչ մնացել է, տեղափոխել ենք այստեղ»,- ներկայացրեց Գաբրիել Նահապետյանը։

Թանգարանը վերաբացվել է Հայ Կաթողիկե  եկեղեցու հատկացված տարածքի շնորհիվ և Գասրատյան ընտանիքի  ֆինանսական աջակցությամբ:

Ճիշտ է՝ թանգարանն այցելուներ ունի, սակայն փանիկցիների միակ ցանկությունն  է, որ այն ներառվի զբոսաշրջային ուղղությունների մեջ, քանի որ աշխարհին ցուցադրելու շատ բան ունեն։

Նրանք երազում են, որ հացի թանգարանը դառնա Փանիկի այցեքարտերից մեկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930