Ս.թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսի 27-ին, ժամը 20.00 -ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթն էր հայտնել նախատեսվող ասուլիսի մասին, ինչին արձագանքել են հայկական ԶԼՄ-ի 30 խմբագիրներ` տեղեկացնելով, որ հրապարակավ հրաժարվում են ձևական հարց ուղարկելուց:
Մեջբերում հայտարարությունից.
«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ին վարչապետ ընտրվելուց հետո որդեգրեց ԶԼՄ-ի ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ազատ ձեւաչափը: Անգամ այդ ասուլիսներից մեկը տեղի ունեցավ 2019թ-ի սեպտեմբերի 16-ին՝ Վանաձորում, մյուսը 2020թ-ի հունվարի 25-ին՝ Կապանում: Հարցերը նախապես պայմանավորված եւ խմբագրված չէին, ինչը աննախադեպ էր: Մինչ այդ նման ֆորմատով Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը նման կերպով ասուլիսներ չէր նախաձեռնել:
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի համաճարակը որոշ խմբագրումներ մտցրեցին ՀՀ վարչապետի եւ ԶԼՄ-ի ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ֆորմատում:
Ներկա պահին ՀՀ վարչապետը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին պատասխանում է բացառապես ՖԲ օնլայն տիրույթում, որի ընթացքում հարցեր ուղարկած ԶԼՄ-ները ֆիքսել են, որ կա՛մ իրենց հարցերը խմբագրվում են, կա՛մ էլ առհասարակ չեն հնչեցվում:
Նույն վիճակում են նաեւ մի շարք ՀԿ-ներ, որոնց ուղարկված հարցերը եւս անտեսվում են:
«Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն հրապարակավ հրաժարվում է ձևական հարց ուղարկելուց՝ կոչ անելով ՀՀ վարչապետին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման ձեւաչափին:
Ներկա պահին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակում, երբ հարյուրավոր հարցեր կան քննարկելու, ծիծաղելի է ՖԲ-ում նման ձեւաչափով ասուլիս հրավիրելու նախաձեռնությունը:
«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՀԿ