«Այդ մարդիկ, որոնք նախաձեռնել են և հետո նաև այն մարդիկ, որոնք ստորագրել են հայտարարությունը, նրանք բոլորը տարբեր ժամանակներում, տարբեր ձևաչափերով, տարբեր խողովակներով, նույնիսկ իրենց մասնագիտական ծառայությունն իրականացնելու ժամանակ այդ բոլոր հորդորները, խորհուրդներն ասել են։ Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ այսօրվա իշխանությունները ոչ միայն ականջալուր չեն այդ ամենին, նույնիսկ հակոտնյա են»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ իրենց տարածած հայտարարության մեջ նշված է՝ «պետք է վստահաբար օգտագործել դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնականությունը՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները», արդյոք սա հորդոր չէ՞ իշխանությանը համագործակցել ու լսել տարիների փորձ ունեցող մարդկանց խորհուրդները, այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։
Նա անիրատեսական է համարում, որ որևէ արձագանք կստացվի այս իշխանությունների կողմից։ Այս առիթով ասաց․ «Եթե իրենք կգտնեն իրենց մեջ այդքան կամքի ուժ և մեծամտությունը կիջեցնեն մի քիչ և կուզենան լսել այլ բան, քան իրենց ընդհանրական մոտեցումը՝ մենք բանակցում ենք, ինչ ուզում ենք, անում ենք, ինչ ուզում ենք, սեփական կետից ենք բանակցում կամ ձեզ չի վերաբերում՝ թուրքը որտեղ կգա, կկանգնի, դուք չեք ասելու, նման անհեթեթ, վտանգավոր, ազգակործան հայտարարությունները, որոնք բերեցին այն աղետին, ինչին բերեցին, ես շատ իրատեսական չեմ համարում, որ այս վարչախումբը, որն այսօր իշխանության է և նպատակադրված տանում է այն քաղաքականությունը, որը կա և որի արդյունքում ամեն օր, ժամ, ամիս կորուստներ ենք ունենում, շատ մեծ հույս չունեմ, որ այս ազգակործան իշխանությունն ականջալուր կլինի որևէ կշռադատված, փաստարկված այլ խոսքի, քան այն, ինչ իրենք են անում»։
Արտակ Բշտիկյանը փաստեց՝ հայտարարությունը ստորագրել են բավականին ծանրակշիռ ճանապարհ անցած մարդիկ՝ նախկին ԱԳ նախարարներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ։ Նաև հավելեց․ «Բայց դրանից առաջ հայտարարության նախաձեռնող խմբի մեջ եղած անձինք նույնպես Հայաստանի վերանկախացումից հետո գրեթե ամբողջ ժամանակահատվածում՝ 25-30 տարի, ներգրավված են եղել ՀՀ պետականության կայացմանը և ոչ միայն քաջատեղյակ են այս վերջին ժամանակահատվածի բոլոր իրադարձություններին, այլև մի մասն անձամբ մասնակցություն է ունեցել։ Այսինքն՝ իրենք ներսից են հասկանում այն վտանգները, որ կան այսօր մեր երկրի, հասարակության, Արցախի համար։ Հայտարարությունը հիմնականում այդ ուղղությամբ էր»։
Արտակ Բշտիկյանը նաև հայտնեց՝ հայտարարությանը դեռ շարունակում են բազմաթիվ մարդիկ միանալ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արտակ Բշտիկյանի ֆեյսբուքյան էջից։