«Ես հեռու եմ այն մտքից, որ Դիմադրության շարժումն ամբողջովին չի հաջողել։ Ես հակված չեմ ասելու, որ Դիմադրության շարժումը ձախողել է։ Դիմադրության շարժումը շարունակվում է»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Դիմադրության շարժման հաջողել-չհաջողելու հետ կապված, այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։
Նա նշեց՝ հասկանում է քաղաքացիների ու հասարակության այն սպասումները, որ Դիմադրության շարժումը պետք է սկսվեր ու ինչ-որ օր ու ժամի ավարտվեր՝ արձանագրելով կոնկրետ հաջողություն։ Այնուհետև շարունակեց․ «Հիմա, եթե հաշվի առնենք, որ Դիմադրության շարժման հայտարարած վերջնանպատակն այսօրվա իշխանության հեռացումն էր, այո, ստացվում է, որ այս հիսուն օրերի ընթացքում Դիմադրության շարժումը չի հասել իր վերջնանպատակին։ Բայց ես չեմ կարծում, որ այդ գործընթացն այդպես արագ տեղի ունեցող գործընթաց էր՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ և′ հասարակության մեջ եղած հակասությունները, և′ Դիմադրության շարժման մարտավարությունը սկզբում, երբ սկսել էին»։
Հարցին ի՞նչ պիտի աներ Դիմադրության շարժումը, որ չէր արվել, Արտակ Բշտիկյանը պատասխանեց․ «ՀՀ-ում շատ երկար ժամանակ քաղաքական դաշտն ապաքաղաքական է ամբողջությամբ անձանց շուրջ։ Երբ քաղաքական գործընթացներն անձանց մասին են, այլ ոչ թե գաղափարների, քաղաքական թիրախների, այստեղ շատ հեշտանում է չակերտավոր հասարակության այն հատվածի անելիքը։ Աշխարհի բոլոր երկրներում է, որ հասարակության մեծամասնությունը իրականում անտարբեր է և ակտիվ մասնակցություն չի ունենում քաղաքական գործընթացներին, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ-ում տևական ժամանակ քաղաքական գործընթացներն անձանց շուրջ են տեղի ունենում։ Այդ մարդկանց գործն ավելի հեշտանում է, քանի որ այդտեղ առաջ է գալիս՝ ես այս մեկին սիրում եմ, այս մյուսին՝ ոչ, այս մեկին հավանում եմ, այն մեկին՝ ոչ, իսկ կոպիտ ասած, երբ այդտեղ մտնում ենք սիրո դաշտ, այդտեղ շատ ավելի դժվար է հասկանալ, թե ով, ինչ է ուզում։ Ուղղակի այդտեղ զգացմունքային մոտեցումներ են։ Դիմադրության շարժման, ինձ թվում է, հիմնական անելիքներից մեկը պետք է լիներ և հույս ունեմ, որ սրանից հետո ավելի այդպիսի թիրախավորում կստանա, որ Հայաստանի հասարակությանն հետ փորձեն խոսել այն հիմնասյուների մասին, ինչը մեզ հայ է պահում, առանձնացնում է ամբողջ աշխարհից։ Այդ արժեհամակարգի, հիմնասյուներին սպառնացող վտանգների մասին, երբ խոսեն, դրանք ավելի ազդեցիկ են հասարակության ավելի լայն շերտերի համար, քանի որ այդտեղ արդեն դուրս են գալիս անձնական համակրանքներն ու հակակրանքները, մարդիկ զգում են հենց իրենց ուղղված վտանգը։ Ինձ թվում է՝ այս ձևաչափը մի քիչ ավելի երկար ժամանակահատված է ուզում արդյունք ունենալու համար, բայց ավելի արդյունավետ է վերջնարդյունքում, երբ ամեն մարդ՝ անկախ իր քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, զգում է, որ տեղի ունեցող գործընթացները և դրանք ունենք քաղաքակրթական և գաղափարական հիմք, որոնք վաղը մյուս օրն ազդելու են իմ, իմ երեխաների, թոռների և հարազատների և այն կյանքի որակի վրա, որին ես սովոր եմ, որն ինձ հարազատ է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ