Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը մի քանի րոպեով փակ էր․ կապանցի հանքագործներին տնօրինությունն արհամարհում է  (ֆոտոշարք)

Հունիս 26,2022 15:25

Կիրակի՝ հունիսի 26-ին «Չաարատ Կապան» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գործադուլ հայտարարած հանքագործները մի քանի րոպեով փակել էին Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը։

Հիշեցնենք, որ հանքագործները հունիսի 24-ի կեսօրից հայտարարել են գործադուլ՝ հրաժարվելով  հանք մտնել։ Նրանք պահանջում են  բարձրացնել իրենց աշխատավարձերը, լուծել առողջապահական ապահովագրության խնդիրը։

Այս պահին միջպետական ճանապարհը բաց է, ավտոմեքենաներն անարգել երթեւեկում են։ «Հասցրին մինչեւ կոկորդներս, մենք չէինք ուզում ճանապարհը փակեինք, բայց ստիպված էինք այդ քայլին գնալ։ Երեկ տղերքից 4 հոգի իջել են հանք, հացադուլ հայտարարել ու մի քանի ժամ հետո կապը կորավ նրանց հետ։ Wi-Fi-ը անջատել էին։ Ոստիկանության Կապանի բաժնի պետի միջնորդությունից հետո կապը  կվերականգնվի, ներքին հեռախոսակապով խոսեցինք տղաների հետ, ու իմաստ չկար ճանապարհը փակ պահելու։ Մենք լավ գիտենք, որ Սյունիքում միայն թուրքն է ճանապարհ փակում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասացին հանքագործները։

Ըստ նրանց՝ նախաձեռնել են ստորագրահավաք, ներկայացրել իրենց պահանջները տնօրինությանը։ Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը չի ընդունել աշխատակիցների դիմումը։ «Եթե ի վիճակի չի աշխատելու, թող գնա՝ սեփականատերը ուրիշ տնօրեն նշանակի։ Միայն իրենց գրպաններն են լցնում»,-վրդովված նշեցին կապանցի հանքագործները։

«Չաարատ Կապան» ընկերության ղեկավարության հետ կապ հաստատել  չհաջողվեց։ Ընկերության միակ հեռախոսահամարը չէր պատասխանում։ Անհասանելի է ընկերության խոսնակ Արփինե Հարությունյանի հեռախոսահամարը։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ընկերության վարչական տնօրեն Էդգար Հովհաննիսյանի հետ։ Վերջինս, սակայն, նշեց, որ չի կարող ոչ մի հարցի պատասխանել՝ ավելացնելով, որ հարցերը գրավոր ուղարկենք ընկերությանը։

Հ․ Գ- Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ընկերության մամուլի պատասխաանտու Արփինե Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․ «Հարգելի գործընկերներ, ի գիտություն բոլորիդ հայտնում ենք, որ հունիսի 25-ից հանքում հացադուլի մեջ գտնվող տղաների առողջական վիճակը լավ է, ընկերության բուժանձնակազմն ու փրկարարները պարբերաբար այցելում են նրանց։ Իսկ ինչ վերաբերվում է դրսի հետ կապին, ապա տեղեկացնում ենք, որ հանքում գործող ստացիոնար կապը անխափան աշխատում է, եւ տվյալ աշխատակիցները եւս գիտեն ինչպես օգտվել տվյալ հեռախոսներից։ Հանքում միայն ինտերնետ կապի տեխնիկական խնդիր կա, որի ուղղությամբ մասնագետներն աշխատում են»,-նշել է տիկին Հարությունյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930