Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիս 26,2022 11:45

Թեև Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին առավել մեծ ուշադրություն ու ջանքեր են ուղղվում թմրամիջոց գործածող անձանց իրավունքների և մասնավորապես առողջության իրավունքի պաշտպանությանը, այնուհանդերձ հիվանդանոցային բուժման ու վերականգնողական ծառայությունները դեռևս նրանց հասանելի չեն։ Թմրամիջոց գործածող անձանց հիվանդանոցային բժշկական ծառայություններ են մատուցում Կախվածությունների ազգային կենտրոնը, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, Լոռու մարզային նյարդահոգեբանական դիսպանսերը և Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսերը։ Այսինքն` այդ ծառայությունները հասանելի են միայն Երևանում և Հանրապետության երեք մարզկենտրոններում։

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թմրամիջոց գործածող անձանց թիվը գնալով աճում է։ 2014 թվականին, օրինակ, 5357 էր, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 7570 թմրամիջոց գործածող անձ։ Մասնագետների գնահատմամբ այս թիվը կարելի է բազմապատկել նվազագույնը 5-ով, քանի որ սկզբնական փուլում մարդիկ հիմնականում խուսափում են դիմել բժշկական օգնության և միայն բարդությունների և փսիխոսոմատիկ ախտանիշների ի հայտ գալուց հետո են դիմում (նաև իրավապահ մարմիններն են ուղեգրում հետազոտության)։ Այս հանգամանքը մեծապես պայմանավորված է թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ առկա խարանով։

Նշենք, որ թմրամիջոց գործածող հաշվառված անձանց թվի աճին զուգահեռ նվազել է նման առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժօգնություն ստացողների թիվը։ 2015 թվականին 365 թմրամիջոց գործածող անձ է ստացել բուժօգնություն, 2018 թ․-ին՝ 359, իսկ 2020-ին` միայն 160 հոգի։

Թմրամիջոց գործածող անձանց բուժման գործում կարևոր էր 2010 թվականին մեթադոնային փոխարինող բուժման ներդրումը, որի տրամադրման ծավալները գնալով ընդլայնվել են, և 2021 թվականի սկզբին այդ ծրագրից օգտվողների թիվը կազմել է 552 (2016 թ․-ին ծրագրից օգտվողների թիվը՝ 487)։ Կարևորելով մեթադոնային փոխարինող բուժման տրամադրումը՝ այնուամենայնիվ հարկ է նշել, որ այն չի բավարարում ամբողջական կարիքը։ Այսպես՝ 2020 թ․ եղել են ծրագրում ընդգրկելու մերժման դեպքեր, քանի որ դիմողները չէին համապատասխանում սոցիալապես անապահով խումբ համարվելու չափանիշներին։

Կարևոր է վերանայել մոտեցումները թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում, և թմրամիջոց գործածող անձանց վերաբերող քաղաքականությունները մշակելիս առաջնահերթություն տալ իրավունքահեն մոտեցումներին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930