Լրահոս
Օրվա լրահոսը

1111-ամյա Վահանավանքը՝ հայ ազգի վահան․ նշվեց Կապանի այցեքարտ համալիրի տոնը (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 25,2022 23:45

Շաբաթ օրը՝ հունիսի 25-ի վաղ առավոտից մարդաշատ էր Սյունիքի մարզկենտրոն Կապանի Հալիձոր թաղամասը։ Այստեղ էին խմբվել  բազմաթիվ ուխտավորներ, որոնք Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի ու հոգեւոր այրերի առաջնորդությամբ պիտի հասնեին Վահանավանք։ Հավատավոր ժողովուրդը, քայլելով մոտ 8 կմ, հասավ 10-րդ դարում կառուցված Վահանավանքի վանական համալիր, որտեղ տեղի ունեցավ Վահանավանքի 1111-ամյակին նվիրված տոնակատարությունը։ Հունիսի 25-ը այսուհետեւ կմնա որպես Վահանավանքի ուխտի օր։

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ։ Վահանավանքը միջնադարյան վանական համալիր է։  Հիմնադրվել է   Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել  է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին, ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը։ 10-րդ դարի կառույցի տարածքում են  գտնվում Վահան իշխանի, Սահակ Սեւադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի եւ Գրիգոր Ա-ի, ինչպես նաեւ՝ Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Միջնադարում կառուցված վանական համալիրում ուխտավորները մասնակցեցին Սուրբ պատարագին։ Այն մատուցվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, Հոգեշնորհ հայր Գարեգին Վարդապետ Համբարձումյանի, Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի եւ Վահանավանք վանական համալիրի հոգեւոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ։

Տոնական պատարագից հետո  Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի նախագահությամբ  եւ հոգեւոր հայրերի մասնակցությամբ կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Վահանավանքն այսօր բազմամարդ էր։ Հայաստանի տարբեր վայրերից այստեղ եկած հյուրերը ծանոթացան համալիրի հազարամյա պատմությանը։ Վանքի կամարների ներքո կայացավ միջոցառման երկրորդ՝ հանդիսավար մասը։

«Ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այդ Սուրբ գործին։  1960-ական թվականերին այստեղ սկսեցին իրականացվել պեղումներ. հնագիտական արշավախմբի ղեկավարը   պատմական գիտությունների դոկտոր  պրոֆեսոր  Գրիգոր Գրիգորյանն էր, ով  իր ամբողջ գործունեությունը նվիրեց Վահանավանքին։  Այդ ժամանակ  հողազանգվածի մեջ թաղված  վանական համալիրի կամարներին էին միայն  հուշում, որ այստեղ պատմական հուշարձան  կա»,-ասաց Կապանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը իր խոսքում ցանկություն հայտնեց, որ ինչպես անցյալում, այսօր էլ Վահանավանքը դառնա հայ ժողովրդի վահան։ «Մենք այդ վահանի կարիքը առավել եւս այսօր ունենք։ Աստծուն իմ խնդրանքն է, որ այդ վահանը զորեղ լինի ու հայոց բազմի զորություն լինի»,-ասաց Վարդապետը։

«Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գեւորգյանը ներկայացրեց Վահանավանքի պատմությունը՝ անդրադառնալով այն մարդկանց, որոնք նպաստել են բացահայտելու առեղծվածային Վահանավանքը։ Պատմաբան Գրիշա Սմբատյանը  ժամանակին մասնակցել է Վահանավանքում կատարված պեղումներին։ Նրա խոսքով՝ պեղումներից հետո ցրվեցին կասկածները, մեծացավ  Վահանավանքի խորհուրդը։ Պատմաբանը մեջբերեց  Ստեփանոս Օրբելյանի գրառումը «վանքի բակում թաղված են Աղվանքի եւ Բաղքի շատ թագավորներ եւ թագուհիներ»:

«Հիմա արդեն մենք տեսնում ենք գավիթում, սյունասրահում եւ բակում ամփոփված   հայոց հողի վրա մեր թագավորներին, թագուհիներին, իշխանազունիներին, Սյունիքի հզորագույն նախարարական տան ժառանգներին»,-նշեց  Սմբատյանը: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը պատմեց, որ Գրիգոր Գրիգորյանը ժամանակին դիմել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ խնդրանքով, որպեսզի Վահանավանքը  համալիրը ներառվեց Հայաստանի վերականգնող հուշարձանների ցանկի մեջ։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Վահանավանքը թե՛ համայնքային, եւ թե՛ Սյունյաց աշխարհի կյանքում  կարեւոր դերակատարություն ունի: «Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն  է։ Թշնամին ակնհայտորեն խեղաթյուրելով պատմական փաստերը՝  չի դադարում  կասկածի տակ դնել նաեւ Սյունիքի հայկական լինելը։ Մեկ անգամ չէ, որ մեր հարեւանները հոխորտացել են այս թեմայով՝ մասնավորապես   օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այնինչ, Վահանավանքի վանական համալիրն այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը   հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռեւս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- ասաց Գեւորգ Փարսյանը։

Տոնական օրն ավարտվեց  մատաղի հյուրասիրությամբ: Հոգեւոր երգերի կատարումներով հանդես եկավ  «Գեղարդ» երգչախումբը, իսկ  ազգային երգ ու պարը ներկայացրին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930