Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ջհանգիրյանը նախկինում շատ ավելի լավ էր արդարանում»․ «Առերեսում»

Հունիս 25,2022 23:55

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի զրույցի հրապարակված ձայնագրության առնչությամբ տեսակետ կա, թե այդ զրույցը կրել է մասնավոր բնույթ, եւ ձայնագրվել է ապօրինաբար։ Մինչդեռ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը՝ մասնավոր շփումների ոլորտում, ինչպես «Ֆակտորի» քննարկման ընթացքում նկատել էր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության նախկին պետ Արտաշես Խալաթյանը՝ թույլ է տալիս դրսեւորվող վարքագիծը լեգիտիմորեն սահմանափակել հասարակության մյուս անդամների համար։ Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն իր մտերիմների հետ մասնավոր շփումների շրջանակում չի դրսեւորում նույն վարքագիծն, ինչ հանրային ոլորտում։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Ֆիդելիս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Վարազդատ Հարությունյանն այս տեսակետի առնչությամբ ասաց․ «Զրույցը մասնավոր չէր։ Զրույցը միգուցե մասնավոր վայրում էր, ինչպես ԲԴԽ–ն էր իր հայտարարության մեջ ձեւակերպել՝ հացի սեղանի շուրջ։ Բայց խիստ գործնական առարկայի շուրջ էր քննարկումը։ Կողմերը բանակցում էին Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի շուրջ։ Եվ այդ հրաժարականի դիմաց Գագիկ Ջհանգիրյանը խոստանում էր կարճել կամ այնպես անել, որ ընթացք չտրվի այն քրեական գործերին, որոնք կային կամ ակնկալվում էին, որ կլինեին։ Գիտեք, ոչ այդ քրեական գործերը, ոչ Ռուբեն Վարդազարյանի զբաղեցրած պաշտոնը, որից պետք է հրաժարական տար ինքը, եւ ոչ էլ Գագիկ Ջհանգիրյանն՝ իր դերով մասնավոր խոսակցության տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Սա՝ առաջինը։ Երկրորդը՝ Ռուբեն Վարդազարյանը եւ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը շատ հիմնավոր կերպով բացատրեցին, որ ձայնագրությունն ապօրինի չէ, քանի որ խոսակցության մասնակիցներից մեկի կողմից է կատարված»։

Այս առնչությամբ հիշատակեց ՄԻԵԴ–ի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնք բազմիցս անդրադարձել են գաղտնալսումների հարցին․ «Անպայման չի, որ քրեադատավարական ընթացակարգերով իրականացվի գաղտնալսումն ու լինի դատարանի որոշման հիման վրա, որպեսզի դրանով ստացված տեղեկատվությունը կատարի ապացույցի դեր»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ նկատեց․ «Պիտի հաշվի առնենք, որ հենց այսպիսի խոսակցությունների ժամանակ են մարդիկ ասում ճշմարտությունը, խոսում այնպես՝ ինչպես մտածում են։ Քանի որ գաղտնիք չէ, որ տեսախցիկների առաջ մարդիկ, ամեն դեպքում, ամեն ինչ չէ, որ կարող են ասել»։ Հավելեց․ «Երբ որ իրենց է վերաբերում այս ձայնագրությունները՝ միշտ դառնում են ապօրինի։ Բայց հիշենք՝ Ռուբեն Վարդազարյանի քրեական գործի հիմքում դրված այն հայտնի ձայնագրությունը, որն արել էր դատավորը՝ ոչ դատարանի թույլտվությամբ։ Հենց այդ հիմքով հարուցվեց քրեական գործ ու Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին»։

Արսեն Բաբայանն անդրադարձավ նաեւ բարոյական ոլորտում արվող կշտամբանքներին՝ հացի սեղանի շուրջ մարդուն ձայնագրելու ու տարածելու վերաբերյալ․ «Իսկ հացի սեղանի շուրջ մարդու «կուտ տալ» կարելի՞ է։ Կամ հացի սեղանի շուրջ մարդուն շանտաժ անել կարելի՞ է։ Այսինքն՝ մարդուն ասում ես՝ հրաժարական տուր, թե չէ քեզ կգցեմ ՍԴ–ի օրը։ Դա հացի սեղանի շուրջ կանոնների մեջ տեղավորվո՞ւմ է։ Իհարկե՝ ոչ»։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այդ ճնշումների առնչությամբ ասել էր. «Երբ ասել եմ իմ վզին դրած է՝ նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է։ Խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է, դա իմ ճիտին պարտքն է, ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, ստանձնել եմ դեռ 1990 թվականից»։ Ըստ այդմ՝ այս հարցազրույցով պրն Ջհանգիրյանը ժխտեց, թե գործել է հրահանգավորված եւ ողջ պատասխանատվությունը վերցրեց ի՞ր վրա՝ հարցին պրն Բաբայանն արձագանքեց․ «Բա հո չէ՞ր ասի՝ Նիկոլն է ասել»։ Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց, թե հարցազրույցի ողջ իմաստն այս է․ «Ցրել այն կասկածները, որ ինքը գործել է հրահանգի ներքո։ Դրանք ընդամենը լոլոներ են։ 90-ականներից դատաիրավական բարեփոխումներով զբաղվելն ի՞նչ կապ ունի ԲԴԽ նախագահին հրաժարական տալ ստիպելու հետ՝ քրեական գործեր հարուցելու կամ ընթացք չտալու պատրվակով։ Որտե՞ղ եք նման դատաիրավական բարեփոխումներ տեսել։ Եթե նման միջազգային լավագույն փորձ կա՝ շանտաժով դատաիրավական բարեփոխումներ անելու, եկեք որդեգրենք այն։ Միգուցե ինովացիա է անում պրն Ջհանգիրյանը՝ գիտնական մարդ է»։

Արսեն Բաբայանը լրացրեց․ «Ամեն դեպքում՝ Գագիկ Ջհանգիրյանը նախկինում շատ ավելի լավ էր արդարանում։ Չգիտեմ՝ տարիքի, թե այլ հարցերի հետ կապված, այնուամենայնիվ՝ հիմա սկսել է շատ վատ արդարանալ։ Այս հարցազրույցի ողջ ընթացքում ինքը բազմաթիվ խոստովանություններ է արել, որոնց պետք է հետեւի իրավապահ մարմինների արձագանքը»։ Ասվածը մասնավորապես վերաբերում էր նախաքննությանը միջամտության վերաբերյալ նրա ասածներին, որոնց վերաբերյալ պրն Ջհանգիրյանը պնդում է, թե դրանք ընդամենը հոգեբանական հնարքներ էին․ «Էս կջրենք, էն կջրենք, այո, կուտ եմ տվել։ Բա ես ի՞նչ գիտեմ՝ քանի գործ կա, մեկ գործ է, երկու գործ է, թե՞ երեք։ Ես ո՞նց էի կարճելու այդ գործերը, եթե դրանք իմ լիազորություններից դուրս բաներ են»։ Ըստ նրա՝ «Ես ուղղակի կատակ էի անում նրա հետ՝ նրան երաշխիքներ տալով, որ ինքը հանգիստ լինի, որ իմանա, որ իր նկատմամբ քրեական հետապնդումներ չեն լինելու»։ «Ոնց չի ամաչում, էլի։ Ինձ դա է հետաքրքրում»,– ասաց Արսեն Բաբայանը։ Իսկ Վարազդատ Հարությունյանն ասաց․ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ բոլոր այն գործերով, որտեղ կան գաղտնալսումներ՝ ընդ որում, թե դատարանի սանկցիայի հիման վրա, թե առանց՝ բոլոր գաղտնալսվածներն արդարանան գագիկջհանգիրյանական մեթոդով՝ ասեն, մենք կատակ էինք անում։ Պատկերացնո՞ւմ եք՝ քրեական արդարադատությունը ծաղրի ենթարկելն ինչ աստիճանի է հասել․․․»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930