Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հունիս 25,2022 22:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ ԱԺ բակում ներկա է գտնվել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Վարչապետ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Կառավարության ղեկավար նշել է, որ պարգևը ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից:

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով:

Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:

Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլոք:

Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:

Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում:

Մենք շահագրգիռ ենք կուսակցության քաղաքական գործունեության զարգացմամբ, որը կրում է այնպիսի ավանդույթներ և արժեքներ, որոնք միտված են բացառապես մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը:

Հարգելի գործընկերներ,

Այս հոբելյանը լավ առիթ է արժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու այն և զարգացման նոր ուղի դուրս գալու միջոցները գտնելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական  բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ ի փառս մեր երկրի, հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության:

Համոզված եմ՝ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու է զգալ Ռամկավար ազատական կուսակցության զորակցությունն ու աջակցությունը»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930