Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի վախճանի մասին լուրերը չափազանցեցված են»

Հունիս 25,2022 22:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, եվրոպացիներն ընդունում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնացած հարցերի կարգավորման հիմքը երեք երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) առաջնորդների երեք հայտարարություններն են, հունիսի 24-ին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

Այնուհետեւ, պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է հրաժեշտ տալ Մինսկի խմբին, Լավրովն ասել էր, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում այդ հարցին չեն անդրադարձել: «Մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի եւ ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց հետպատերազմյան կարգավորման գործընթացները մենք, իհարկե, քննարկել ենք: Եվ այս նոր գործընթացների համար հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- նշել է Լավրովը:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՌԴ արտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունը, արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը մեկ նախադասությամբ պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի վախճանի մասին լուրերը չափազանցեցված են»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 10-ին Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր

«Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է երեք կետից բաղկացած հայտարարություն անեն՝

  1. Անհապաղ դադարեցնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման և սահմանների բացման գործընթացը:
  2. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Շուշիի և Հադրութի շրջանների դեօկուպացիան, հաղորդակցական, տրանսպորտային ապաշրջափակումը, դելիմիտացիան պետք է լուծվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Արցախի Հանրապետությունը չի լինելու Ադրբեջանի կազմում:
  3. Հայաստանի գործող իշխանությունները չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, և նրանց գործունեությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930