Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Վստահ եմ, որ կալանքի միջնորդությունը նպատակ ուներ մեկուսացնել ինձ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում իմ մասնագիտական պարտականությունները կատարելուց»

Հունիս 25,2022 15:40

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ իր գործով քննիչը իրեն հրավիրել եւ հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին: Այսինքն, գործը մոտ ժամանակներս կուղարկվի դատարան:

Բագրատ Եսայանը հիշեցրեց, որ հունիսի 10-ին ԱԱԾ-ն իրեն ձերբակալել էին «Երկիր մեդիայի» իր աշխատավայրում, եւ նույն երեկոյան քննիչը  երկու ամիս կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան: «Դեպքը, որին վերաբերում էր միջնորդությունը, 2020 թվականի նոյեմբերի 10-ի դեպքն էր: Այսինքն, դեպքից 19 ամիս անց նախաքննության մարմինը դիմում է կալանքի միջնորդությամբ: Իմ պաշտպանները եւ ես դատարանում արձանագրեցինք, որ առնվազն զարմանալի է, որ դեպքից 19 ամիս անց, երբ ինձ հրավիրել են հարցաքննության, երբ ես գիտեմ, որ կասկածյալ եմ եւ ես որեւէ բան չէի ձեռնարկել քննությունից խուսափելու, թաքնվելու  կամ քննության վրա ազդելու ուղղությամբ, առավել եւս, որ առանձնապես քննություն էլ չկար: Ամենահետաքրքիրը քննիչի հիմնավորումն էր, թե կան դեռեւս բազմաթիվ քննչական գործողություններ, որ կան վկաներ, որ դեռ պետք է հարցաքննվեն եւ այդ գործողություններին չխոչընդոտելու եւ որպեսզի իմ հեղինակությունը, որը չգիտես ինչու ներկայացված էր բացասական իմաստով,  չօգտագործեմ վկաների վրա ազդելու համար, ես անպայման պետք է կալանավորվեմ: Դատարանը մերժեց կալանքը եւ, կարծում եմ, արդարացիորեն մերժեց: Եվ դրանից ընդամենը 13 օր հետո՝ երեկ, քննիչը հրավիրում է ինձ եւ հայտարարում նախաքննության ավարտը:

Ակնհայտ է աշխատանքի ձեռագիրը, որն օգտագործվում է նախաքննության մարմինների կողմից: Կալանավորում են մարդկանց, ցանկալի է՝ երկու ամսով: Գերասիմ Վարդանյանի դեպքում՝ մեկ ամսով: Եվ անմիջապես հայտարարում են նախաքննության ավարտի մասին, գործը ստորագրում, ուղարկում են դատախազություն՝ հաստատման եւ դատարան: Այսինքն, ինչպես ասում են, իրենց վրայից գցում են:

Նույնը, եթե նկատել եք, եղել է Գյումրիի մեր յոթ տղաների մասով, որոնք նույնպես կալանքի առաջին սանկցիան ստացան, գործի ավարտի մասին արագ հայտարարեցին ու գործն ուղարկեցին դատարան: Այսինքն, կալանքի հարցը այլեւս մնաց դատավարության ընթացքին, ինչը բոլորովին այլ գործընթաց է ենթադրում:

Հիմա գալով մեր գործին: Ասեմ, երեք հոգու նկատմամբ՝ Գերասիմ Վարդանյան, Գառնիկ Մելքոնյան եւ ես, գործը անջատվել է, ավարտը արագ հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան: Երեքիս նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց մերժվեց: Բայց Գերասիմ Վարդանյանի հարցում քննիչը կայացրեց ծայրագույն անտրամաբանական որոշում՝ գրավի չափ սահմանելով 60 միլիոն դրամ: Բոլորն են հասկանում, որ դա ոչ միայն իրատեսական չէ, այլեւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Օրենքի մասին էլ չեմ խոսում: Դա անբարոյականության գագաթնակետն է: Եվ Գերասիմ Վարդանյանին գրավը չմուծելու հիմքով կալանավորեցին:

Չգիտեմ՝ դատական որ մարմիններն են, որ կուրացիա են անում նախաքննությունը կամ իրավապահ մարմիններին, բայց այս գործելակերպը վերցրել են եւ ներդնում են որպես քաղաքական հետապնդման արդեն փորձ անցած գործելակերպ: Վստահ եմ, հատկապես երեկվանից հետո, որ կալանքի միջնորդությունը մի նպատակ ուներ. մեկուսացնել ինձ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում իմ մասնագիտական պարտականությունները կատարելուց»,-ասաց Բագրատ Եսայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930