Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում՝ Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։
Սպանված Համիկ Միքայելյանի հարազատները պնդում են, որ կրակոցների միջադեպի մասնակցություն է ունեցել փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին՝ Ռոման Փարվանյանը ու պահանջում են, որ Փարվանյանները ողջ ընտանիքով հեռանան Ապարանից. «Պատկերացրեք երկրաշարժ է, վերցրեք ամենակարեւոր բաները եւ լքեք տունը»: Փարվանյանների տունը Ապարանում արդեն իսկ շրջապատված էր ոստիկանությամբ: Ռոման Փարվանյանի հայրը՝ Ժորա Փարվանյանը տանն էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եղել է կռիվ 3 օր, ոչ մի հատ իրավապահ մարմին ատնաշենի չեն տվել, հմի դուք եկել եք ինձնից ի՞նչ եք ուզում: Ռոմանը չի զանգել կանչել, ինքը ասել է՝ չգաք այստեղ…Դուք չե՞ք հասկանում, որ էսի բանդա է, գնացեք պարզեք: Այդ ամեն ինչը շատ լավ կազմակերպված է եղել»:
Կարդացեք նաև
Երբ լրագրողները փոխանցեցին, որ պահանջում են Փարվանյանները լքեն Ապարանը՝ նա արձագանքեց. «Լսի, էսի իմ պապիս ազատագրած հողն է, տղա ջան: Եթե չգիտես, կարաս գնաս Սարդարապատ, այնտեղ գրված է՝ Փարվանի Խաչո: Ինչ ասում են, դա չլինող բան է: Սա իմ պապիս ազատագրած հողն է, սա էլ իմ տունս է, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա»:
Նա հորդորեց փոխմարզպետ Էդգար Փարվանյանին չխառնել գործին. «Էդգար Փարվանյանը երեկ մեկ, էսօր՝ երկու աշխատում է, նրան մի բերեք լղեք էս գործի մեջ»: Ռոման Փարվանյանի տատն էլ ասաց, որ այս ամեն ինչը կազմակերպված է հենց Էդգար Փարվանյանի դեմ՝ համայնքապետի կողմից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ