Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում՝ Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։
Սպանվածներից մեկը Տիգրան Հարությունյանն է, որը Գնթունիքում էր աշխատում: Նրա հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տիգրանը չի ճանաչել կռվի մասնակիցներին. «Մեկ օր առաջ դեպքից միջադեպ է եղել, վիճաբանություն ու այդ վիճաբանության մասին ոստիկանությունը տեղյակ է եղել՝ ոստիկանապետի գլխավորությամբ: Դա եղել է գազալցակայանում: Վիճաբանությունը տեղի է ունեցել Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաների ու մեկ էլ Մաթեւոս Ասատրյանի եղբոր հետ: Ես երեկոյան եմ իմացել դեպքից հետո, որ արդեն իմ որդուն տեղափոխել են Երեւան: Ես հիվանդանոցում զրուցել եմ վիրավորներից մեկի ծնողի հետ, ինքը անձամբ իմ հարեւանս է՝ Համիկի որդին՝ Հրաչը: Ինքը մոտ օրերս պիտի զորակոչվեր բանակ, հիմա թոքի վնասվածքով հիվանդանոցում է: Ես չգիտեմ իմ որդուն ով է զանգել, ով է կանչել, մեր պահանջն է հիմա, որ արդար քննություն լինի ու ովքեր ներկա են եղել՝ ձերբակալվեն: Տարօրինակ է, որ մի շաբաթ է անցել ու մի հոգի է ձերբակալվել: Դեպուտատ կոչեցյալի եղբայրն է ներկա եղել, Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաներն են եղել՝ երկուսը: Բոլորը պետք է պատժվեն՝ ովքեր կազմակերպել են ու ովքեր իմացել են, որ իրենց մոտ զենք կա, ովքեր ներկա են եղել այնտեղ, սաղ պիտի պատասխան տան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ