Կապիտան Վարդան Վահանի Դավթյան
-Կամանդիր ջան, հենց հաղթանակի հաջորդ օրը հետ ենք վերադառնում ու շտապ զբաղվում քո ամուսնության պատրաստությամբ։
էն պարզ ու հարաբերական խաղաղ երեկոներին հաճախ էինք անդրադառնում այս հարցին։ Էդպիսի սրտի տեր մարդ ու դեռ ընտանիք չէր կազմել։
Կամանդիրին մի բառով դժվար է նկարագրել, ժողովուրդը տիպիկ նկարագրություն ունի՝ «Մարդ Մեծատառով»։ Չնայած ամբողջ էությամբ զինվորական էր, բայց միևնույն ժամանակ չափազանց բարի ու համեստ մարդ էր։ Կապիտան Դավթյանի կատարած յուրաքանչյուր հաշվարկ միլիմետրի ճշգրտություն ուներ։ Արհեստավարժ զինվորական, կատարողական, կարգապահ, կոռեկտ իր շարժ ու ձևում, բոլոր պարագաներում առաջինը դիմացինի հարմարավետության մասին մտածող։
Կարդացեք նաև
Մեր մարտկոցը ձևավորվել էր աշխարհազորայիններից՝ համալրված Սիսիանից ու Մասիսից եկած տղաներով։ Մի հարց է, երբ ղեկավարում ես գործող բանակի զինծառայողների, մեկ այլ՝ երբ քո մարտկոցի կազմում միմյանց անծանոթ ու մինչև այդ քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ են։ Ինչպես վկայում է Վարդանի մարտական ընկերը՝ Վարդան Խառատյանը, շատ կարճ ժամանակահատվածում կարողացել էր այնպիսի թիմ ստեղծել, որոնցից յուրաքանչյուրի մոտ տպավորություն էր, թե իրենք մանկության ընկերներ են։ Լինելով անմիջական հրամանատար, երբեք չէր ընդգծում իր առավելությունը զինակից ընկերների հանդեպ, փորձում էր հնարավորության սահմաններում շփվել անձնակազմի հետ, արդեն հասցրել էր վարակել նրանց իր լավատեսությամբ ու մինչև բաղձալի հաղթանակի հասնելու վեհ գաղափարով։
Կապիտան Դավթյանը մենակ չէր այդ հարցում, որպես մարտկոցի հրամանատարի տեղակալ նշանակվել էր պահեստազորի մայոր Յուրի Ասատրյանը։ Ինչպես վկայում է պահեստազորի մայոր Ասատրյանը՝ կապիտան Դավթյանի հրամանատարությամբ ծառայելն իր համար երբեք խնդիր չէր։ Լինելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին դասախոս, շատ արագ հասկացավ, թե ինչ արհեստավարժ զինվորականի հետ գործ ունի, ով քառօրյա պատերազմի մասնակցի կենսափորձ ունի, ինչպես նաև հաշվի առնելով երիտասարդ սպայի մարդկային ամենաբարձր որակները՝ թև ու թիկունք դարձավ իր երիտասարդ հրամանատարին։
Մարտկոցի անձնակազմն օր ու գիշեր պարապմունքների մեջ էր, ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրն արհեստավարժորեն տիրապետում էր զինատեսակին ու հմտորեն կատարում հրամանատարության կողմից տրված հստակ հրամանները։ Տղաների արհեստավարժությունը հակառակորդն իր մաշկի վրա առավել լավ զգաց հոկտեմբերի կեսերին, երբ կապիտան Դավթյանի մարտկոցին տրվեց խնդիր շարքից հանելու հակառակորդի լավ քողարկված շարասյունը՝ քսան և ավելի տեխնիկայից բաղկացած։ Այս անգամ էլ կապիտան Վարդան Դավթյանի կատարած ճշգրիտ հաշվարկներն իրենց գործն արեցին, ինչպես վկայում է մարտական ընկեր Արմենակ Ասատրյանը, քսանից ավելի կրակի օջախներ դեռ մի քանի օր շարունակ ծխում էին։ Ի դեպ, խնդրի գերազանց կատարման համար կապիտան Դավթյանը արժանացավ Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝ «Մարտական ծառայության» մեդալի։ Նա նաև 2016թ․ քառօրյա պատերազմում ակտիվորեն մասնակցելով ռազմական գործողություններին՝ կարողացել է հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացնել հակառակորդի ստորաբաժանում։
Նրա մարտական ընկերները միաբերան վկայում են, որ յուրաքանչյուր արկ հասնում էր իր թիրախին ու խոցվում առաջին կրակոցից։ Դա էր պատճառը նաև, որ նրանք շարունակաբար գտնվում էին հակառակորդի դիտարկման կիզակետում ու իրենց վրա վերցնում հակառակորդի հակահարվածները։ Սակայն բնավորությամբ հանգիստ մարդ լինելով, բոլոր պարագաներում չէր կորցնում մտքի սթափությունը․ հրամանները կշռադատված ու ժամանակին էին տրվում։ Հոկտեմբերի 22-ին առավոտյան, ինչպես միշտ, Վարդանը հերթական շրջայցն էր կատարում իր մարտկոցի տղաներին։ Ցավոք այդ լուսաբացը կապիտան Դավթյանի ու իր երկու զինակիցների համար դարձավ վերջինը։
Կապիտան Վարդան Դավթյանի հետ բայրաքթարի անակնկալ հարվածից զոհվեցին նաև Հովհաննես Դավիդյանն ու Վյաչեսլավ Մուսաելյանը՝ բռնելով հավերժի ուղին։ Իսկ հրանոթի նշանառու Վաղինակ Մարտիրոսյանը ստացավ մարտական վիրավորում։ Հետո իր հուշերում Վաղինակը կհիշի, որ իրենց հրամանատարը հաց ուտում էր միայն այն ժամանակ, երբ համոզված էր, թե բոլոր տղաները կուշտ են, իսկ համեմատաբար խաղաղ երեկոներին պարտադիր ժամանակ էր հատկացնում իր այն զինվորներին, ովքեր լիարժեք չէին տիրապետում իրենց զենքին, անտրտունջ ու իրենց համար պարզ ձևով փորձում էր մանրամասն բացատրել, թե որն ինչպես է աշխատում, ինչպես ճշգրիտ կատարել հաշվարկը։ Ինչպես վկայում է Վաղինակ Մարտիրոսյանը ի շնորհիվ երկու լավ պատրաստված ու խելացի հրամանատարների՝ նրանց մարտկոցի անձնակազմը անվնաս վերադարձավ ընտանիք, իսկ ինքը դեռ շարունակում է իր վերականգնողական բուժումները։
Ապրելով կարճ, բայց բովանդակալից կյանք՝ կապիտան Վարդան Դավթյանը իր անունը ոսկե տառերով գրեց Հայոց Բանակի հզոր հրետանավորների շարքում։ Հայոց բանակը կորցրեց լավագույն հրետանավոր սպաներից մեկին, իսկ մարդկությունը՝ «Մեծատառով Մարդու»․․․
Կենսագրություն
Վարդան Վահանի Դավթյանը ծնվել է 1985թ․ օգոստոսի 25-ին Սիսիանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սիսիանի թիվ 3 դպրոցում, որն էլ ավարտելուց հետո՝ հենց նույն տարում, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2002-2006թթ․ ինստիտուտում բարձր առաջադիմությամբ ձեռք է բերում հրետանավորի մասնագիտություն ու ծառայության նշանակվում Գորիսի զորամասում։ 2011-2018թթ․ տեղափոխվում և ծառայությունը շարունակում է Արցախի Մարտունու զորամասում։ 2016թ․-ի քառօրյա պատերազմում ակտիվորեն մասնակցելով ռազմական գործողություններին՝ կարողանում է հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացնել թշնամու ստորաբաժանումը, որի համար Արցախի Հանրապետության կողմից պարգևատրվում է «Մարտական ծառայության» մեդալով։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Վարդանը նորից մեկնում է Արցախի Մարտունու շրջան և դառնում պատերազմական գործողությունների ակտիվ մասնակից։ Զոհվել է 2020թ․-ի հոկտեմբերի 22-ին՝ մարտական ծառայություն կատարելիս․․․