Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը մարզում չէր, պատգամավորին էլ չհաջողվեց համոզել․ գործադուլ Կապանում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 25,2022 00:33

Այսօր՝ հունիսի 24-ի կեսօրին՝ «Չաարատ Կապան» ընկերության(Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) հանքագործները գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։ «Ամսական 180 հազար դրամ եմ ստանում, ամեն ինչը թանկացել է, երկու տարի առաջ էլ էի նույնը ստանում, երբ պղնձի մեկ կիլոգրամը 2000 դրամ էր, հիմա էլ, երբ պղնձի կիլոգրամը 4000 դրամ է»,-ասում է աշխատակիցներից մեկը։

Ըստ բողոքավորների՝ չեն օգտվում սոցփաթեթներից՝ առողջապահական ապահովագրական ծրագրից։ «Տնօրենը ասում է թղթերը բերեք, մի բան կանեմ։  Ախպեր ջան, ես հանքագործ մարդ եմ, թող ասի՝ ինչ փաստաթղթեր է պետք մի ժամվա մեջ  բերեմ-հասցնեմ իրան»,-ասում է Արմեն  Ա.-ն։  Հանքագործների խոսքով՝  աշխատանքային պարագաներ ես ուզում՝ չեն տալիս։ «Ասում ես՝ կոշիկս ճղվեց,  ո՞նց մտնեմ հանքը, պատասխանում են՝ մեր գործը չի, երկու օր առաջ եք ստացել, չունենք։ Հիմա հանք ենք մտնում՝ քար, հող․ ճղվում է՝ նշանակում է չպիտի փոխարինե՞ն»,-մեզ հետ զրույցում նշեցին կապանցիները։

Գործադուլավորների հետ հանդիպեց Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Վերջինս բանագնացի դերն էր ստանձնել տնօրինության ու աշխատակիցների միջեւ։ Սակայն պատգամավորին էլ չհաջողվեց հանգստացնել կրքերը։ «Տնօրենը խոստացավ տարվա վերջին բոնուս տալ, առաջիկա մեկ-երկու ամսում առողջապահական ապահովագրության հարցը, լուծել բայց ասաց, որ աշխատավարձի չափը  բարձրացնել չի  կարող միջոցների սղության պատճառով չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ընկերության աշխատակիցների խոսքով իրենց  գլխավոր պահանջը՝ աշխատավարձի բարձրացումն է։ «Միշտ խաբում է, խոսք է տալիս՝ չի անում, հիմա էլ վերեւում նստած, տնօրեն Դավիթ Թովմասյանը չի իջնում, արհամարհում է մեզ։ Թող արհամարհի՝ տեսնենք ո՞վ կտուժի»,-վրդովված նշեցին աշխատակիցները։  Վերջիններս ցանկություն են ունեցել  հանդիպելու  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետարանի ներկայացուցիչը նրանց տեղեկացրել է, որ մարզպետը Կապանում չէ, կլինի երկուշաբթի։ «Որեւէ մեկը թող գա այս հարցին լուծում տան, ասում են՝ մարզպետը կարող է մի բան անել, բայց որդուն բանակ է ճանապարհում, այստեղ չի»,-նշեցին բողոքավորները։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ  Գեղարքունիքում է։ «Կիրակի օրը որդուս բանակ եմ ճանապարհում։ Խնդրել  էի իմ անունից փոխանցել   հանքագործներին աշխատելու։ Երկուշաբթի օրը կլինեմ Կապանում,  կփորձենք հասկանալ խնդիրը ու երկուստեք լուծում կգտնեինք»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Ամեն դեպքում, բողոքավորները մնացին իրենց կարծիքին՝ չեն աշխատելու, մինչեւ տնօրենից աշխատավարձի բարձրացման մասին հավաստի խոստում չլսեն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930