Լյովա Ավետիսյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 12.09.2019 թվականի թիվ 18285-19 վարչական ակտն անվավեր ճանաչելու եւ պատասխանողին հայցվորի հաշմանդամությունը որպես անժամկետ՝ «հիվանդությունը ստացել է զինծառայության ընթացքում» պատճառական կապով, ճանաչելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Դատարանի (դատավոր՝ Լիանա Հակոբյան) 23.10.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 11.12.2019 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: Դատարանի կազմում, սակայն, 2021 թվականի հունիսի 28-ին տեղի է ունեցել փոփոխություն, եւ սույն գործը մակագրվել է դատավոր Արթուր Ավագյանին: Դատարանի 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:
2022 թ. մայիսի 11-ի նիստին ներկայանում են հայցվոր Լյովա Ավետիսյանը, վերջինիս ներկայացուցիչ Հայկ Ապրեսյանը եւ վկա Սամսոն Խաչատրյանը, իսկ պատասխանող կողմի որեւէ ներկայացուցիչ չի ներկայացել, չնայած դրա ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: Դատարանն ավարտում է գործի դատաքննությունը եւ հայտարարում դատական ակտի հրապարակման օրը՝ հունիսի 1-ին: Վճռի հրապարակման օրը դատարանը որոշում է գործի քննությունը վերսկսել:
Հունիսի 2-ին հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է գրություն, որով հայտնել է, որ չի առարկում, որպեսզի պատասխանող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փոխարինվի Միասնական սոցիալական ծառայությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 17.03.2021 թվականի թիվ 37-Լ հրամանի 1-ին կետով հաստատվել է «Միասնական սոցիալական ծառայության» կանոնադրությունը, որից հետեւում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության լիազորություններն ըստ էության փոխանցվել են Միասնական սոցիալական ծառայությանը: Այս գործով պատասխանողն էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Լյովա Ավետիսյանի կողմից ներկայացված՝ պատասխանողին հայցվորի հաշմանդամությունը որպես անժամկետ՝ «հիվանդությունը ստացել է զինծառայության ընթացքում» պատճառական կապով, ճանաչելուն պարտավորեցնելու պահանջի հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 18285-19 մերժումը, մինչդեռ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի մարտի 17-ի թիվ 37-Լ հրամանով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության լիազորություններն ըստ էության փոխանցվել են Միասնական սոցիալական ծառայությանը, որը չի հանդիսանում պատշաճ պատասխանող:
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց՝ Լյովա Ավետիսյանի՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վարչական գործով պատասխանող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը փոխարինել Միասնական սոցիալական ծառայությամբ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2022