Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ անձը հօգուտ պատասխանողների որոշում է կայացնում

Հունիս 25,2022 13:30

Դատավարությունը շարունակվում է առ այսօր, մարդկանց շուրջ 10 տարի պատճառելով բազմաթիվ նյութական եւ ոչ նյութական վնասներ

Հերիքնազ Վարդանյանի ներկայացուցչի՝ Խաչիկ Մարոզյանի գնահատմամբ, Մասիսի քաղաքապետը թույլ էր տվել հանցավոր անփութություն, գործը գտնվելով դատական վիճաբանության մեջ՝ վիճելի հողամասի նկատմամբ կանխակալ որոշմամբ ճանաչել է գործով պատասխանողների սեփականության իրավունքը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Կարեն Բիշարյան) 2022թ. մարտի 2-ին որոշել է՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԱՎԴ2/0008/11/21 դատական գործով 2022 թ. հունվարի 12-ի որոշման դեմ դիմող Հ. Վարդանյանի եւ ներկայացուցիչ Խ. Մարոզյանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության: Վճռաբեկ բողոք բերած Խաչիկ Մարոզյանն ասում է, որ մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ առանց քննության թողնելու վերաբերյալ, հիմնազուրկ է եւ ենթակա բեկանման:

Դատական գործընթացի նախապատմությունը հետեւյալն է: Բողոքաբերի հարեւանները՝ գործով պատասխանողներ Ա. Հայրապետյանը, Ռ. Վարդանյանը, Վ. Հայրապեայանը, Ա. Հայրապետյանը, Մ. Հայրապետյանը (ք. Մասիս, 1-ին փող, թիվ 6 տուն) շուրջ 20 տարի զավթել են հայցվորին, նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հողամասից մի հատված եւ ապօրինաբար, փաստացի օգտագործում են այն, իբրեւ սեփական գույք։ Դրա համար նրանք վճարումներ չեն կատարել։ Այդ ողջ ժամանակահատվածում բողոքաբեր կողմը շարունակել է վճարել իրենց հողի հարկը՝ փաստաթղթով իրենց պատկանող 1656 քմ մակերեսով հողամասի համար։ Ստիպված 2012 թվականին հայցադիմում են ներկայացրել դատարան, խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին՝ հարեւաններին, ազատել զավթած տարածքն ապօրինի տիրապետումից, վերականգնել իրենց պատկանող օրինական հողամասի օրինական մակերեսը։ Դատարանը գործը վարույթ է ընդունել, գործով որպես երրորդ անձ ներգրավվել է Մասիսի քաղաքապետարանը:

Դատական գործընթացի փուլում՝ 2013 թվականի մայիսի 14-ին Մասիսի քաղաքային համայնքի ղեկավար Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքի նշյալ հասցեի՝ տան եւ հողամասի նկատմամբ Հայրապետյանների եւ Ռ. Վարդանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին թիվ N 283- ա որոշմամբ որոշել է՝ վերականգնել Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայրապետյանների եւ Ռ. Վարդանյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան եւ շինությունների զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600 քմ հողամասին կից 242,7 քմ մակերեսի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 842,7 քմ հողամասի եւ դրա վրա գտնվող շենք, շինությունների նկատմամբ, որպես օրինական գույքեր։

Խ. Մարոզյանը բողոքում նշել է. «Փաստորեն, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, գտնվելով քաղգործով դատավարական փուլում եւ ունենալով «երրորդ անձի» կարգավիճակ, վիճելի տարածքի նկատմամբ որոշում է կայացրել այն օրինականացնել գործով պատասխանողների անվամբ։ Որոշումից հետո նրանց տրվել է շինթույլտվություն, կատարվել են ծավալուն շինարարական աշխատանքներ, կառուցվել է երկհարկանի տուն»:

Նշեմ, որ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անունից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, պահանջելով հարուցել քրեական գործ, պարզել գործի բոլոր հանգամանքները, կատարել նախաքննություն։ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության խմբի անդամ, ոստիկանության մայոր Ա. Բադալյանի՝ 2021 թ. օգոստոսի 27-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Արարատի մարզի դատախազի պաշտոնակատար Հ. Նիկողոսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին բողոքը քննության առնելու մասին 2021 թ. սեպտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժվել է։ Հետաքննիչի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով գործը հայտնվում է դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930