Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է փոխի ոչ թե մարտավարությունը, այլ՝ ռազմավարությունը

Հունիս 25,2022 12:30

Ընդդիմությանն իր 50-օրյա պայքարում փաստացի չհաջողվեց իրականացնել իր ծրագրային թիվ մեկ խնդիրը՝ իշխանափոխությունը եւ որոշեց փոխել իր պայքարի մարտավարությունը: 50 օրը բավական է հասկանալու համար, որ նման ռազմավարության եւ մարտավարության պայմաններում ընդդիմությունը չկարողացավ իրականացնել իշխանափոխություն, որից ուղիղ գծով կախված է նաեւ Արցախի ու Հայաստանի հետագա ճակատագիրը: Այսքանից հետո ընդդիմությանը մեկ բան է մնում անել. փոխել պայքարի ձեւերը՝ նրա ռազմավարությունն ու մարտավարությունը, քանզի ինչպես մինչ այսօր հայտարարել է, ոչ մի դեպքում ետ չի կանգնելու՝ չի հրաժարվելու իշխանափոխության մտքից:

Արդյո՞ք հնարավոր է մարտավարության փոփոխությունով հասնել դրված նպատակին: Եթե ի նկատի ունենանք մարտավարության եւ ռազմավարության դասական սահմանումները եւ բառախաղ չանենք, ապա դժվար թե միայն մարտավարական փոփոխություններով հնարավոր լինի հասնել նշված խնդրի լուծմանը, քանզի 50 օրվա ամենօրյա պայքարը պարզորոշ ցույց տվեց, որ օր օրի սպասվող հաջողություններն այնքան էլ նշանակալից չէին, որն էլ խոսում է այն մասին, որ դժվար թե միայն մարտավարական փոփոխություններով հնարավոր լինի հասնել իշխանափոխության, քանզի դա հնարավոր կլիներ մի դեպքում, եթե պայքարի աճը օր օրի բավականին մեծ լիներ եւ քիչ բան պակասեր վերջնական արդյունքին հասնելու համար, սակայն ինչպես նշեցինք, այդ աճը բավականին փոքր էր, այնպես որ, ընդդիմությունը պետք է իրականացնի ավելի մեծ՝ ռազմավարական փոփոխություններ, որպեսզի մեծանան իշխանափոխության շանսերը:

Կհարցնեն՝ հեշտ է դրանց մասին ասելը, իսկ իրականում դրանք կա՞ն, հնարավո՞ր է, արդյոք, դրանք գտնել: Կա՞ն, թե՞ չկան, ընդդիմությունն արդյոք կարո՞ղ է դրանք գտնել, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է. եթե նպատակ է դրվում, ապա պետք է ամեն ինչ անել դրան հասնելու ճանապարհները գտնելու համար: Իհարկե, սրանք դժվարագույն հարցեր են եւ եթե հեշտ լինեին, ապա ցանկացած երկրում հնարավոր կլինի ամիսը մեկ անգամ իրականացնել իշխանափոխություն: Բնական է, որ ցանկացած երկրում, ցանկացած ուժ երբ ցանկանում է իշխանափոխություն իրականացնել՝ կախված այդ երկրի իշխանության տեսակից ու դիրքերի ամրությունից, ապա պետք է նախապես հստակ վերլուծի ու պարզի իր հնարավորությունները, նպատակին հասնելու իր ռազմավարությունն ու մարտավարությունը, հետո միայն փորձ անի գնալ նման քայլի:

Ես տեղյակ չեմ, թե տվյալ դեպքում ընդդիմությունը՝ «Դիմադրություն» շարժումն ինչ խորության վերլուծություններ էր արել, գործնականում մի բանի ականատես եղանք, որ ընդդիմությունը բավականին հաջողություններ գրանցեց, սակայն դրանք բավարար չեղան իշխանափոխության համար: Սա խոսում է այն մասին, որ ընդդիմությունը բավականին լրջորեն էր վերլուծել շատ բաներ, ուղղակի կամ նրա ուժերը չբավարարեցին կրիտիկական զանգված հավաքել, կամ ուղղակի՝ ինչ-ինչ պատճառներով չկարողացան հասնել հաջողության, հետեւաբար, այս էտապում նրանց կողմից ճիշտ է նշված պայքարում էական փոփոխությունների դիմելը, սակայն կրկնում եմ, պետք է խորը հաշվարկել, արդյո՞ք բավարար կլինեն միայն մարտավարական փոփոխությունները, թե, այնուամենայնիվ, անհրաժեշտ են ռազմավարական փոփոխություններ, որոնք պայքարն ավելի կմոտեցնեն հաղթանակի գրավականին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930