Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրս դաշնակահար էր, հայրս ջութակ էր նվագում, երաժիշտ էր նաեւ պապս՝ Հովհաննես Չեքիջյանը»

Հունիս 25,2022 12:00

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը` երգչախմբի հոբելյանի եւ իր անցած ճանապարհի մասին

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տոն էր. նշվում էր լեգենդար կոլեկտիվ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակը։ Երեկոյի ընթացքում Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանիի ստեղծագործությունների կատարումով հանդես եկան ակադեմիական երգչախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ճանաչված տենորներ Արսեն Սողոմոնյանը, Պերճ Քարազյանն ու Հայկ Թոնգուրյանը։ Դիրիժորական վահանակի մոտ էին Հովհաննես Չեքիջյանն ու Էդուարդ Թոփչյանը։

Երեկոյից հետո մեր ընդամենը մեկ ռեպլիկը՝ արդեն տասնամյակներ շարունակ ակադեմիական երգչախումբ ասելով հասկանում ենք Չեքիջյան, եւ հակառակը, մաեստրոյի «նախաձեռնությամբ» վերածվեց փոքրիկ հարցազրույցի։ «Մշակույթը ժողովրդի հարստությունն է,- ասաց նա ու շարունակեց,- նրան ոչ մի ավարառու, ոչ մի հրդեհ, համաճարակ չի կարող սպառնալ։ Կարող են կործանել Անին, այրել Տաթեւի մատենադարանը, Կոմիտասին լռեցնել, բայց անհնար է ասպատակել ժողովրդի հանճարը։ Տեսնո՞ւմ եք՝ Անին վերածնվեց Թամանյանի գլուխգործոցներում, Մատենադարանն իրականացրեց աշխարհասփյուռ մատյանների ազգահավաք… Մյուս կողմից՝ ոչ մի ավարառու չի կարողացել կողոպտել ժողովրդի հիշողությունը, ուրեմն չի էլ կործանել Անին։ Իսկ հաճախ կործանվածը մի ուրիշ տեղ վեր է խոյանում առավել ճոխ, այնպես, ինչպես ծառն է վրեժ լուծում իր ճյուղը կտրողից՝ տասնյակ շիվեր տալով»։ Հետո էլ հազիվ լսելի ձայնով «դարձավ» երգչախմբին. «Աստված իմ, սա ո՜րերորդ սերունդն է, թեեւ անուն առ անուն հիշում եմ բոլորին…»։

Կատակեցինք, թե հավանաբար մեկ առ մեկ հիշում է երգչախմբի յուրաքանչյուր բեմելը, թեպետ ինչպես ասում են՝ աշխարհում էլ տեղ չեն թողել, ամեն տեղ ելույթ են ունեցել, չենք զարմանա նաեւ, եթե հիշի վաղ մանկության տարիները։ «Անկասկած, հիշում եմ ամեն բան։ Գամ մանկական հիշողություններից։ Դրանք ինձ տանում են Ստամբուլի մեր տուն, ուր տեսնում եմ ինձ՝ երկար, ուսերիս հասնող մազերով։ Մանկությունից ականջիս է հասնում իմ երգի ձայնը, հիշում եմ, թե ինչպես էր հնչում այդ ձայնը, երբ ինձ դնում էին աթոռակին ու հորդորում երգել։ Հիշում եմ բաց լուսամուտի առաջ հավաքված բազմությունը ու Պերճուհի մորս ու Հարություն հորս արցունքոտ հրճվանքը։ Գիտեք չէ՞, որ մինչեւ 5 տարեկան չեմ խոսել, բայց նրանք իմ ձայնը լսում էին միայն երգով։ Իսկ երգը մեր տանը երբեք չի լռել, կոմիտասյան երգը։ Հայրս երգում էր Կոմիտասի երգչախմբում ու երբ մեզ էին այցելում երգչախմբի մյուս անդամները, սկսվում էր քառաձայն երգեցողություն։ Մայրս հրաշալի դաշնակահար էր, հայրս ջութակ էր նվագում, երաժիշտ էր նաեւ պապս՝ Հովհաննես Չեքիջյանը… Տեսնում եք՝ ինչ երաժշտական ընտանեկան անսամբլում եմ մեծացել… Ինչպես չհիշեմ Փարիզի Կոնգրեսների պալատը. 1974-ին էր, 3700 հանդիսատեսի առջեւ երգչախմբիս հետ հնչեցրինք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան…»,- հիշողություններով կիսվեց մաեստրոն։

Նկատեցինք, որ երգչախմբի համերգներում համերաշխ ու ներդաշնակ հնչում են ռուս, գերմանացի, լեհ, ֆրանսիացի, հայ եւ այլ ազգի կոմպոզիտորների երկեր, բայց կյանքում այլ է, այսօր տեսնում ենք, որ այդ կոմպոզիտորներին ծնած ժողովուրդները հաշտ ու համերաշխ չեն։ Հովհաննես Չեքիջյանի պատասխանը հետեւյալն էր. «Մեր ժողովուրդը, որ ամենից շատ է տառապել ազգերի աններդաշնակությունից, չի կարող չերազել հաշտություն, համաձայնություն, ներդաշնակություն… Ես տառապում եմ մեր ժողովրդին հատուկ գրեթե ֆանտաստիկ լավատեսությամբ։ Որ ասում եմ ես՝ երգչախմբիս յուրաքանչյուր անդամ ինձ հետ է։ Համոզված ենք, որ մենք՝ հայերս, ապրելու ենք միշտ, որ մեզ համար չապրելու տարբերակ չկա եւ այն, ինչը ստեղծել ենք ու ստեղծում ենք այսօր, հասցեագրում ենք եկող մեծ ժամանակին։ Երազում ենք այն օրերը, երբ մի համերգում կհյուսվեն մարդկային ձայները, կհնչեն համերաշխ, ու մարդկության երգը կողողի բոլոր պատնեշները։ Որքան էլ երազեմ, միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ այդ համերգից մեզ մեծ ժամանակ է բաժանում եւ այն ունկնդրելու երջանիկ տոմսերը երգչախմբիս հետ կտակում ենք եկող սերնդին»։

Ի դեպ, «Առավոտի» բարեկամ, արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը խոսելով Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի մասին, պատմեց հետեւյալը. «1961թ. նոյեմբերի 27-ն էր, Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում (այժմ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ- Ս. Դ.) կրկնակի պրեմիերա էր. Հայաստանի պետական երգչախումբը ելույթ էր ունենում նոր ծրագրով՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, որի առաջին բեմելն էր հայրենիքում, իսկ ծրագիրը «գլխավորում» էր Կոմիտասը։ Խմբերգային արվեստի երկրպագուներով լեցուն էր մեծ դահլիճը։ Նրանց կարելի էր հասկանալ, որովհետեւ երգչախմբի հիմնադիր Արամ Տեր-Հովհաննիսյանին հաջորդած 11 խմբավարներն այնպիսի արագությամբ էին փոխարինել միմյանց, որ հանդիսատեսը նույնիսկ չէր հասցրել հիշել նրանց անունները։ Խմբերգային ժանրի պակասը այդ ժամանակահատվածում լրացվում էր ավելի շատ Արամ Տեր-Հովհաննիսյանի կատարած ձայնագրություններով, քան կենդանի համերգներով։ Երգչախումբը, ճիշտ է, հազվադեպ էր ելույթներով հանդես գալիս, բայց մեծ դահլիճը չէր լցվում։

Չեքիջյանի առաջին համերգին նստած էի Երվանդ Քոչարի կողքին։ Առաջինը կատարվեց Կոմիտասի «Գութանի երգը», որը դահլիճը օվացիաներով ընդունեց։ Այդ պահին աչքս ընկավ Քոչարի դեմքին. մաեստրոն մի տեսակ այլայլված էր։ Հարցրի՝ վա՞տ եք զգում։ Ոչ մի պատասխան։ Ողջ համերգի ընթացքում որեւէ բառ չխոսեցի հետը։ Իսկ ավարտին Քոչարը դիմելով ինձ, ասաց. «Սերյոժա, կներես, որ քեզ չպատասխանեցի, արյունը երակներումս սառել էր։ Նման բան ինձ հետ եղել է երկու անգամ, առաջինը՝ 1949թ. նոյեմբերի 13-ին, երբ Երեւանի օպերային թատրոնում ներկա էի Դելիբի «Լակմե» օպերային եւ լսեցի Գոհարին։ Երկրորդ անգամ նույն վիճակում հայտնվեցի ամիսներ առաջ՝ մայիսի 4-ին, երբ լսեցի Եկմալյանի «Լռեց»-ը Ռուբիկի կատարմամբ (նկատի ունի Ռուբեն Մաթեւոսյանին)։ Միշտ ուզել եմ կերտել Գոհարի ու Ռուբիկի՝ երաժշտությամբ շաղախված կերպարները, հիմա էլ այս խմբավարն ավելացավ։ Կգա ժամանակ ու ժողովուրդը կընդունի նրանց որպես խորհրդանիշ, ինչպես Գառնին, Գեղարդն ու Զվարթնոցը»։

Ափսոս, որ մեծանուն Քոչարը չիրականացրեց իր այդ երազանքը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930