Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԽ-ն Թուրքիային կոչ արեց՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունիս 25,2022 14:00

«Երբ կարգավորված լինեն հայ-թուրքական հարաբերությունները, այլևս այսօրվա պես անհրաժեշտություն չի լինի ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի առկայության, որի հիմնական նպատակներից մեկը Թուրքիայից բխող սպառնալիքը կանխելն է»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը:

– Եվրախորհրդարանն օրերս 448 կողմ, 67 դեմ եւ 107 ձեռնպահ ձայներով ընդունել է զեկույց Թուրքիայի վերաբերյալ, որում ի թիվս այլ հարցերի, կոչ է անում այդ երկրին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարգել հայկական եւ այլ մշակութային ժառանգությունները պաշտպանելու իր պարտավորությունները: Սա այն դեպքում, երբ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները հայտարարում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն ընդունել է Թուրքիայի երեք նախապայմանները, որոնցից մեկն էլ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է եւ, որ հավաքական Արեւմուտքը քաջալերում է այդ գործընթացը: Փաստորեն, իրողությունն ա՞յլ է:

– Իրողությունն այլ չէ: Իսկապես Արևմուտքը քաջալերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու օր առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եվ դա նորություն չէ, միշտ է այդպես եղել: Այստեղ Արևմուտքը, և մասնավորապես, Միացյալ Նահանգները, իրենց շահերից բխող խնդիր են լուծում: Երբ կարգավորված լինեն հայ-թուրքական հարաբերությունները, այլևս այսօրվա պես անհրաժեշտություն չի լինի ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի առկայության, որի հիմնական նպատակներից մեկը Թուրքիայից բխող սպառնալիքը կանխելն է:

Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Արևմուտքի համար կարևոր հարց է՝ տարածաշրջանում ՌԴ ազդեցության թուլացման տեսանկյունից: Եվ այդ հարցը չի կորցնելու իր արդիականությունը: Ավելին, այժմ նույնիսկ աճել է դրա արդիականությունը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո, ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում աճել է: Արևմուտքը փորձում է պայքարել դրա դեմ, իսկ Հայաստանի գործող իշխանությունն ակնհայտ դեպի Արևմուտք հակվածություններ է ցուցադրում: Թուրքիան ուղիղ մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմին. թե՛ քաղաքական, թե՛ ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, ահաբեկիչներ տեղափոխեց տարածշրջան, որոնք կռվում էին Արցախի դեմ, ադրբեջանական նախապայմաններն է առաջ մղում, իսկ Հայաստանի գործող իշխանությունն այս պայմաններում հարաբերությունների կարգավորման երկխոսություն է սկսում Թուրքիայի հետ, ու մասնակցում թուրքական նախաձեռնություն հանդիսացող 3+3 ձևաչափին: Տարօրինակ ու անտրամաբանական ոչինչ չկա՞ այս ամենում:

Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա այո, միանշանակ Թուրքիան չի հրաժարվել ու չի պատրաստվում հրաժարվել իր նախապայմաններից: Այդ նախապայմաններն ամրագրվել է անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի մեջ կնքված և խորհրդարաններով վավերացված Շուշիի հռչակագրում, որը օրենքի ուժ է ստացել: Թուրքիայի ղեկավարությունը բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանը ՊԵՏՔ է ընդունի Ադրբեջանի առաջարկները կարգավորման վերաբերյալ, հայտարարում են, որ Ադրբեջանի հետ սինքրոնացնում են Հայաստանի հետ իրենց երկխոսությունը: Է՞լ ինչ պետք է տեղի ունենա, որ համոզվենք, որ Թուրքիան իր նախապայմաններից չի հրաժարվում: Այո, նրանք Հայաստանի իշխանության համար գործընթացը հեշտացնելու նպատակից ելնելով, հայ հանրության զգոնությունը թուլացնելու նպատակով, հայտարարում են, որ հայ-թուրքական երկխոսությունն առանց նախապայմանների է ընթանում: Բա դա դեռ ոչինչ չի նշանակում, երբ զուգահեռ տեղի է ունենում այն ամենը, ինչի մասին նշեցինք:

-Եվրախորհրդարանի՝ Թուրքիային ուղղված նման կոչը ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Վերադառնալով բանաձևին՝ իսկապես այն լիովին տեղավորվում է աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստի մեջ: Ուկրաինայում պատերազմի ֆոնին, Թուրքիան այսօր լիարժեք չի ենթարկվում Արևմուտքի կողմից իր դաշնակիցներին թելադրվող քաղաքական գծին՝ պատժամիջոցներ չի սահմանում Ռուսաստանի նկատմամբ, երկխոսությունը Մոսկվայի հետ չի կասեցնում: Ավելին, Թուրքիան հերթական անգամ օգտվում է ճգնաժամային իրավիճակից ու փորձում մեծացնել տարածաշրջանում իր դերակատարումը և միջնորդական դեր է ստանձնում: Հիշենք, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների երկխոսությունը Թուրքիայում, այժմ էլ հացահատիկի հարցով քննարկումները:

Բնական է, որ այս իրավիճակում Արևմուտքը պետք է մտրակի ու բլիթի քաղաքականություն վարի Անկարայի նկատմամբ՝ մի կողմից թույլ չտալու, որ Թուրքիան դուրս գա իր վերահսկողությունից, մյուս կողմից՝ օգտագործելու Թուրքիայի ազդեցությունն իր շահերից ելնելով: Հենց սրանով էլ բացատրվում է բանաձևի ընդունումը: Ի վերջո, Եվրախորհրդարանի բանաձևերը քաղաքական դիրքորոշում արտահայտելու գործիք են և պարտադիր ուժ չունեն, չկան դրանց կատարումը ապահովող մեխանիզմներ:

Առաջին անգամ չէ, որ Եվրախորհրդարանի բանաձևերում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Բայց, միաժամանակ, այս բանաձևը վկայում է այն մասին, որ ստեղծված իրավիճակը կարող է հայկական օրակարգն ու շահերը առաջ մղելու հնարավորություններ ստեղծել, եթե իհարկե երկրի ղեկավարություն դրա համար քաղաքական կամք ունենա: Իսկ Հայաստանի գործող իշխանությունը դրանով երբեք աչքի չի ընկել:

-Եթե տեսականորեն ընդունենք, որ Թուրքիան կանսա այդ կոչին, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել:

– Բարդ է նման բան պատկերացնել:

– Ի դեպ, Եվրախորհրդարանը նաեւ ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: Զեկույցի հեղինակները համարում են, որ սա «խիստ դրական զարգացում» է, որը դրական ազդեցություն ունի տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա: «Եվրախորհրդարանը խրախուսում է երկու կողմերին շարունակել այդ ջանքերը՝ իրենց հարաբերությունները լիովին կարգավորելու նպատակով և կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է փաստաթղթում: Սա ինչի՞ մասին է:

-Սա առաջին հարցում նշած քաղաքականությունն է: ԵՄ-ն նույնպես մշտապես կարևորել է հայ-թուրքական երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը, այլ հարց է, որ երբեք բավարար ճնշում չի գործադրել Թուրքիայի վրա այս հարցում: Պատերազմից հետո մենք ականատես ենք լինում նրան, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը սկսել է Արևմուտքի շահերը, քաղաքականությունը առաջ մղողի դերակատարումը պատվիրակել ԵՄ-ին: Նույնը տեսնում ենք նաեւ Արցախյան հակամարտության համատեքստում, օրինակ Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հանդիպումները:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930